Այսօր ՀՀ ԱԱԾ շենքի հարակից տարածքում տեղի ունեցավ բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի և ընդդեմ ԱԱԾ-ի:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 25-ին բավարարել էր Տիգրան Փոստանջյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ դիմումը:
Համաձայն ՀՀ դատախազության` «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով»:
Այսօրվա ակցիային մասնակցում էին Զարուհի Փոստանջյանը, նրա քույրը` երկու փոքրիկ երեխաների հետ, «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Տիգրան Խզմալյանը:
Հավաքվածներն իրենց հետ բերել էին պաստառներ հետևյալ գրություններով`«НКВД = КГБ = ԱԱԾ», «37 թիվը չի կրկնվի», «Չեք վախեցնի»:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Մենք բոլորս Տիգրան ենք», «Ազատություն բոլոր քաղաքական պատանդներին», «Ազատ արդար Հայաստան»:
Երբ ԱԱԾ շենքի մոտ հայտնվեց Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով դիմեց նրան. «Պարոն Պետրոսյան, Դուք միլիցա՞ եք, թե ոստիկան, Դուք մե՞նթ եք, թե ոստիկան: Պարոն Պետրոսյան, Ձեր նկատմամբ բռնություն չե՞ն գործադրել, Ձեր պագոնները չե՞ն պոկել, Ձեր վրա չե՞ն թքել»: Սակայն այս ամենին Արայիկ Պետրոսյանը որևէ կերպ չի արձագանքել:
Ակցիայի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին` Զարուհի Փոստանջյանը, խոսելով իր եղբոր ձերբակալության մասին, ասել է. «Ես հասկանում եմ` որտեղից է այս ամենը գալիս, հենց այնպես չէ, որ ամեն անգամ իրենք խորհրդակցություններ են հրավիրում և փորձում են վերլուծել քաղաքական և սոցիալական իրավիճակը հանրապետությունում: Իրենք գիտակցում են, որ «Ժառանգությունը» հնարավորություն ունի իրականացնելու բողոքի գործողություններ, որոնք կարող են իրավիճակ փոխել: Եվ հենց դրանից ելնելով էլ` հենց այնպես չէ, որ Գյումրիի շուրջ 12,5 ժամ փողոցի զանգվածային միջոցառումներից հետո նոր որոշում կայացվեց, որ, իբր, վեց ամիս առաջ ինչ-որ դեպք է տեղի ունեցել, որ շեղեն և ինձ, և «Ժառանգությանը»: Թող փորձեր արվեն, միևնույնն է այդ փորձերը հաջողություն չեն արձանագրելու», – ասել է Փոստանջյանը: