Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել հակամարտող կողմերին աշխատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղությամբ և միաժամանակ հորդորել է երկու երկրների իշխանություններին շփման գծում անմիջապես վերացնել դիպուկահարներին, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ-ն աջակցություն է առաջարկել տարածաշրջանային բարեփոխումների հարցում, մասնավորապես, ԶԼՄ-ների, կազմակերպությունների և ասամբլեաների ազատության երաշխավորման գործում:
«Ես ողջունում եմ երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմագերիների փոխանակման քայլը: Դժբախտաբար, դրան հաջորդեց ևս մեկ միջադեպ շփման գծում»,- ասել է Աժուբալիսը:
«Ինչպես ես արդեն նշել եմ և Երևանում, և Բաքվում, այս միջադեպերը վերահաստատում են իմ այն համոզմունքը, որ կողմերը պետք է վերացնեն դիպուկահարներին:
Մենք պետք է ամրապնդենք հրադադարի ռեժիմը և աշխատենք վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ: Որևէ կողմ չի կարող շահել ներկայիս իրադրությունից, ոչ ռազմական և ոչ էլ քաղաքական առումներով: Ես կոչ եմ անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Ես լիահույս եմ, որ հետագայում կողմերը կհետաքննեն շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հանգամանքները` համաձայն մարտի 5-ին Սոչիում ստորագրված համաձայնագրի:
Բոլոր կողմերն էլ գիտակցում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար ոչ մի այլ ընդունելի տարբերակ չկա: Մինսկի Խմբի համանախագահների շնորհիվ բանակցությունները շարունակվում են, սակայն ժամանակն է, որ առաջնորդները բեկումնային որոշումներ ընդունեն այդ հարցում», – ասել է Աժուբալիսը: