Մարտի 25-ին, ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ է ստացվել: Ինքնաթիռի անձնակազմը հաղորդել է , որ Մոսկվա-Երևան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն է կատարվում:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:
Ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները, խուլիգանության կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 1970 թ. ծնված Անտոն Վ.-ին, 1980 թ. ծնված Բոգդան Ա.-ին, 1980 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, 1982 թ. ծնված Սերգեյ Պ.-ին, 1975 թ. ծնված Դմիտրի Կ.-ին և 1980 թ. ծնված Միխայիլ Գ.-ին:
Ոստիկանությունը պարզել է, որ թռիչքի ժամանակ նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Խախտելով հասարակական կարգը` ռուսաստանցիները հայհոյել, հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: