Իր թիկունքում ունենալով բազմահազար ակտիվիստներ` «Սարդարապատ» շարժումն իր պահանջներն է հղում հատկապես Հայ Ազգային Կոնգրեսին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշել է, որ, առաջին հերթին, պետք է հրաժարվել քաղաքական ուժերի համախմբման և միավորման կոչերից, քանի որ դրանք, Սեֆիլյանի խոսքով, սին են, և պետք է համախմբել ժողովրդին:
«Այս ռեժիմից (նկատի ունի գործող իշխանությունները – Epress.am) պետք է ազատվել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ժողովրդի ներուժի վրա հիմնվելով, ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել այս ռեժիմը, ինչպես նաև պետք է ձևավորվել ժամանակավոր կառավարություն, որում պետք չէ որ ընդգրկված լինեն քաղաքական գործիչներ», – ասել է Սեֆիլյանը:
Նրա հաջորդ հորդորը վերաբերվել է բոլոր ընդդիմադիր ուժերին. Սեֆիլյանը նրանց կոչ է արել վերջ տալ միմյանց միջև մրցակցությանը և միմյանց վրա ցեխ շպրտելը, քանի որ այդ ամենից «միակ օգուտ քաղողը Սերժ Սարգսյանն է»:
Սեֆիլյանը հորդորել է ընդդիմադիր ուժերին բանավիճել քաղաքակիրթ տարբերակով:
«Ֆեյսբուքով իրար կոկորդ կրծելու փոխարեն կարելի է բանավիճել ավելի քաղաքակիրթ ձևով, ինչու չէ նաև Ազատության հրապարկում», – ասել է բանախոսը:
Նրան նաև դուր չի գալիս ՀԱԿ-ի ակտիվիստների «Լևոն նախագահ» կարգախոսը: Նրա խոսքով` այդ կարգախոսի պատճառով շատ քաղաքացիներ չեն միանում ՀԱԿ-ին:
«Հաջորդ քայլն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ բեմահարթակ հրավիրի ընդդիմադիր գործիչներին: Եվ ասի` ինձ որպես գործիք օգտագործեք, բոլորիդ հետ միասին ժողովրդի վրա հենվելով ազատվենք այս ռեժիմից: Եթե սա հնչեցնի, տարաբնույթ ուժեր կգան կկանգնեն կողք կողքի»,- ասել է բանախոսը:
Սեֆիլյանը նաև կարծիք է հայտնել, որ արդեն ժամանակն է, որ հարթակից հանդես գան նաև երիտասարդները, քանի որ դասական դեմքերից ժողովուրդը հոգնել է:
Նա համոզմունք է հայտնել, որ եթե իրենց հորդորները չլսեն, «հայտնվելու են լուսանցքում և գալու է ժամանակը, որ «Սարդարապատն» է առաջնորդելու ժողովրդին»: