Այսօր 12:30-ից 14:30-ը ԱԺ Տարածքային կառավարման հանձնաժողովում նախատեսված էին լսումներ բացօթյա առևտրով զբաղվող անձանց խնդրի շուրջ:
Նույն ժամին ԱԺ դարպասների առջև բողոքի ակցիա են կազմակերպել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող քաղաքացիները: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված մոտ 30 մարդուն ԱԺ-ից մի տղամարդ է մոտեցել և ասել, որ բողոքողների պատվիրակները կարող են ներս մտնել: Ցուցարարների կազմված պատվիրակությունից ոչ բոլորն են այդ պահին անձնագիր ունեցել շենք մուտք գործելու համար:
Բողոքի ակցիայի ժամանակ փակ էր դեպի նախագահական նստավայր տանող Դեմիրճյան փողոցի հատվածը, քանի որ նախագահի հետ հանդիպման էր եկել Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում մոտ 60 տարեկան Արևիկը նշել է, որ բողոքողներին առաջարկում են դիմել գործակալություններ:
«Այնտեղ ասում են` 3000 դրամ տվեք, մենք ձեզ կզանգենք: Մենք անգործ ենք, 20 տարի անգործ ենք եղել, ուզում ենք փողոցային առևտրով վաստակել: Իրանք սիթիներ են բացում, ստիպում են մեզ գնալ այնտեղ տեսուչ աշխատել, ինչի չեն թողում մենք մեր 2 հատ նասկին ծախենք», – ասել է նա:
Առևտրականների շրջանում լուրեր էին պտտվում, որ Երևանի թաղապետերին հանձնարարվել է կազմակերպել բացօթյա առևտուրը: Նրանք հույս ունեին, որ այդ բոլոր զրույցները ճշմարտություն կդառան: Ցուցարարներն անգամ հարցնում էին միմյանց` «էսօր ապրիլի 1-ը չի, չէ՞, կատակ չի լինի»:
Միևնույն ժամանակ քաղաքի այլ հատվածում` Տիգրան Մեծ պողոտայի վրա, Epress.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են ոստիկանները հորդորում մայթին առևտուր անող կնոջը հավաքել իր ապրանքը: