Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները շաբաթներով ծաղրում էին Րաֆֆի Հովհաննիսյանին ակցիայի ժամանակ, ինչ ցեխ ասես շպրտեցին, ինչ վարկաբեկիչ հայտարարություն ասես արեցին նրա հասցեին, հիմա էլ ասում են` մի այրեք կամուրջները: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց և պատասխան» շարքի քննարկմանը հայտարարել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ վերջինս այսօր «Ժառանգությանն» ու «ՀՅԴ»-ին ՀԱԿ-ին ընդդիմություն էր համարել, սակայն, միևնույն ժամանակ, նշել, որ «չարժե այրել բոլոր կամուրջները»:
«Այ երբ Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ-ի պետ էր, և էդ շենքի նկուղում` բանտում, նստած էի ես, թող էդ ժամանակ մտածեր կամուրջների մասին, – հայտարարել է դաշնակցական գործիչը` միևնույն ժամանակ, չբացառելով ՀԱԿ-ի հետ համագործակցությունը:
«Համագործակցությունը չենք բացառում, սակայն ոչ մի իրեն հարգող ուժ լիդերի շուրջ համագործակցել չի կարող: Ծրագրի, անելիքի շուրջ` խնդրեմ: Բայց ոչ թե` ով ա լինելու ազգի պապան կամ պապիկը», – եզրափակել է Վահան Հովհաննիսյանը: