«Երկու ամիս առաջ ձեզնից մեկն էի, և 6 տարի հետո պատրաստվում եմ լինել ձեզնից մեկը: Եղել եմ փաստաբան, և կարծում եմ` ամենապատվաբեր աշխատանքն եմ արել, և շատ ուզում եմ վերադառնալ իմ աշխատանքին: Միայն թե կուզենայի 6 տարի հետո դատական համակարգի վիճակը լիներ այլ», – Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դերը արդարադատության համակարգում կոնֆերանսն այսօր այսպես է սկսել ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա նշել է, որ նախ կխոսի որպես ՀՀ քաղաքացի, որպես փաստաբան, իսկ իր խոսքի երկրորդ մասում` որպես ՄԻ պաշտպան` հստակեցնելով, որ խուսափելու է իր անձնական տեսակետները և կարծիքը հայտնել արդարադատության համակարգի վերաբերյալ:
«Իմ անձնական պատկերացմամբ` մենք բոլորս Հայաստանում ունենք երկու խնդիր` հացի և արդարության: Ես կարծում եմ, որ եթե այս երկու հիմնական և կենսական խնդիրները լուծվեն, Հայաստանում գտնվող մարդիկ կկարողանային բավարարված տեսնել իրենց: Բոլոր մյուս մարդու իրավունքներն ածանցվում կամ բխում են արդար դատաքննության իրավունքից»,- ասել է Անդրեասյանը:
Ըստ նրա` դատավորին քննադատելով, դատավորի բարձր կոչմանը հարվածելով` ոչ ոք չի կարող հպարտանալ կամ ուրախանալ. «Չի կարելի արժեզրկել դատավորի բարձր կոչումը հասարակության աչքում»:
«Խոնարհման է արժանի այն մարդը, ով արդար դատում է, և նույնիսկ այսօրվա դատական համակարգի պայմաններում իրականացնում արդարություն: Արդար դատավորներն այսօր արժանի են հերոսացման. պետք է ճանաչենք, գովերգենք և միասին հիանանք նրանց աշխատանքով, որովհետև իրենք անում են իսկապես հերոսական աշխատանք»,- ասել է ՄԻ պաշտպանը:
Արդար դատավորներին գովերգելուց հետո Անդրեասյանն անդրադարձել է նաև անիրավ դատավորներին.
«Անիրավ դատավորները, վստահ եմ, բոլորիս կողմից համարվում են մեր հասարակության թշնամիները, մեր ամենամեծ վնասատուներն են: Ես վստահ եմ, որ անարդար դատավորների պատճառով է մեր հասարակության մեջ լինում արտագաղթ, անվստահություն»:
Անդրեասյանն առաջարկել է պայքարել նման դատավորների դեմ:
«Պայքար ասելով` ես նկատի չունեմ նրանց սիստեմատիկ արշավի ենթարկելը, քարոզներով կամ հարձակումներով նրանց թիրախավորելը: Ես նկատի ունեմ օրենքով սահմանված պայքարը` կարգապահական պատասխանատվության եղանակով»,- շեշտել է նա: