2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիայի իշխանությունները կարող էին կանխել Դինքի սպանությունը. եվրոպական դատարան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հրանտ Դինքի գործով վճիռը հրապարակելով, մի շարք ուշագրավ եզրակացություններ է արել:

6 էջանոց դատական վճիռի առաջին երեք էջում ներկայացված է գործի նախապատմությունը և Հրանտ Դինքի սպանության հետ կապված մանրամասները:

Հաջորդ երեք էջերին ներկայացված է 7 դատավորների  (իտալացի Գուիդո Ռայմոնդի, պորտուգալացի Իրենեու Կաբրալ Բարետո, բելգիացի Ֆրանսուազ Տուլկենս, սերբ Դրագոլյուբ Պոպովիչ, հունգարացի Անդրաշ Սաջո, թուրք Իշիլ Կարակաշ, վրացի Նոնա Ցոցորիա) որոշումը: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ դատարանն ի գիտություն է ընդունել այն փաստը, որ Թուրքիայի անվտանգության մարմինները տեղյակ են եղել այն ատելության մասին, որ առկա է Հրանտ Դինքի նկատմամբ ազգայնամոլների շրջանում: Դատարանը նաև նշել է, որ Ստամբուլի դատախզության փաստերը վկայում են այն մասին, որ թե Ստամբուլի և թե Տրապիզոնի ոստիկանությունը տեղյակ է եղել սպանության հնարավոր փորձի մասին, և անգամ մոտավորապես տեղյակ են եղել չարագործների ինքնության մասին:

Իրենց տրամադրության տակ եղած նյութերի հիման վրա դատարանը նաև պարզել է, որ երեք պաշտոնյաներից, որոնք նախապես տեղյակ են եղել հնարավոր մահափորձի մասին, և ոչ մեկն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել այն կանխելու համար:

Գործի քննության ընթացքում դատարանը պարզաբանել է բազմաթիվ սխալներ կամ խախտումներ, որոնք տեղի են ունեցել Հրանտ Դինքի գործով սպանության դատավարության ընթացքում: Դատարանի երզակացության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը չի ապահովել Հրանտ Դինքի կյանքի իրավունքը: Ավելին` Թուրքիայի կառավարությունը, թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանք առաջադրելով Հրանտ Դինքին, նրան ակամա դարձրել է ազգայնամոլների թիրախ: Այդ հատվածում ևս մեկ անգամ նշում է, որ Թուրքիայի իշխանություններն իմացել են սպանության մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Դինքին փրկելու համար:

Երկրորդ կետով դատարանն անդրադարձել է Հրանտ Դինքի խոսքի իրավունքի սահմանափակմանը և Հրանտ Դինքի կողմից գրված Հայոց Ցեղասպանության մասին հոդվածներին:

Դատարանը եկել է այն եզրակացության, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է այնպիսի միջավայր ստեղծել, որը կապահովի խոսքի ազատ արտահայտությունը և հնարավորություն կտա հասարակական բանավեճ ծավալել յուրաքանչյուր հարցի շուրջ: Ավելին, դատարանի կարծիքով` պետությունը ոչ միայն չպետք է չմիջամտի կարծիքների ազատ դրսևորման դեպքերի ժամանակ, այլ հակառակը` ապահովի մարդու ազատ կարծիք արտահայտելու իրավունքը և պաշտպանի անհատին հարձակումներից: Դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Թուրքիան չի պահպանել Հրանտ Դինքի խոսքի ազատության իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև հայտարարել է, որ Թուրքիան չի կարողացել ապահովել Հրանտ Դինքի դատավարության արդյունավետ ընթացքը:

Ինչպես մենք ավելի վաղ հայտնել էինք, դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքին 100,000 եվրոյի չափով փոխհատուցում է հատկացվելու, 5,000 եվրո տրվելու է Հրանտ Դինքի եղբորը, ինչպես նաև 28,595 եվրո գումար է հատկացվելու դատական ծախսերը փակելու համար: