2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Եթե 2010 թվականին առաջընթաց չարձանագրվի, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները կմեռնեն

Եթե մինչև 2010 թվականի ավարտը շոշափելի առաջընթաց չարձանագրվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, կարելի է համարել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մեռնում են: Այս մասին «Ժամանակ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
Նա նշել է, որ եթե կարգավորման գործընթացը դրական արդյունք չտա մինչև 2010 թվականի ավարտը, կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը ավելի կհաճախակիանան:

Հարցազրույցի ընթացքում Ֆրեյզերը նաև անդրադարձել է ազատագրված յոթ շրջանների խնդրին` նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ում քննարկվող և բանակցությունների թեմա հանդիսանցող որևէ հարց չկա, որ կողմերի հետ քննարկման հարց չլինի:

«Գրավյալ յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ես չեմ կարող ասել այժմ քննարկվո՞ւմ է արդոք Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը, կամ որոշ շրջաններ ավելի շուտ կվերադարձվե՞ն, քան մյուսները, հետևաբար ամեն ինչ շատ հստակ է` այժմ այդ տարածքները գտնվում են օկուպացիայի տակ և դրանց կարգավիճակի փոփոխությունները նշանակում է վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ», - հայտարարել է Ֆրեյզերը:
Նա նաև անդրադարձել է Ռոբերտ Բրադտկեի վերջին հարցազրույցին, որում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը խոսել է «նոր գաղափարների» մասին, որոնք ներկայացվել են կողմերին:

«Այս պահին շատ դժվար է ենթադրել, թե ինչ է նկատի ունեցել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: Հիմնարար սկզբունքները, մեծ հաշվով, նույնն են մնացել 2005 թվականից ի վեր, հետևաբար պարոն Բրադկեն շատ աննշան փոփոխությունների շուրջ կարող էր ակնարկած լինել, ուստի չեմ կարծում, որ արմատական փոփոխությունների մասին դատողություն կարող է եղած լինել», - ասել է Ֆրեյզերը: