2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մոսկվայում հիանում են Արոնյանով. հայաստանցին բլիցի աշխարհի առաջնության միանձնյա առաջատար

Բլիցի աշխարհի առաջնության երկրորդ խաղային օրը բավական ծանր պայքարում անցավ բոլոր շախմատիստների համար: Առաջին օրվա 14 պարտիաներից հետո առաջին տեղը կիսում էին հայաստանցի Լևոն Արոնյանը և նորվեգացի Մագնուս Կառլսենը, նրանցից ընդամենը կես միավոր էր հետ մնում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, սակայն բոլոր առաջատարներից երկրորդ օրվա ընթացքում սթափ և հաշվենկատ գործեց միմիայն հայաստանցի գրոսմայստերը:

Ինչպես և երեկ, Արոնյանը 14 պարտիաներից բաղկացած այսօրվա մառաթոնն էլ անհաջող սկսեց, սակայն ամեն ինչ շտկեց միջնամասում՝  իրար հետևից մի քանի հաղթանակ տանելով:

Ցավոք, վերջին երկու տուրերում Լևոնը պարտություն կրեց Մագնուս Կառլսենից և Ադրբեջանը ներկայացնող Ռաուֆ Մամեդովից և թույլ տվեց մրցակիցներին մի փոքր մոտենալ իրեն, այլապես Արոնյանի առավելությունը մրցակիցների նկատմամբ վերջին 10 տուրերից առաջ, որոնք կկայանան վաղը, շատ մեծ կլիներ:

Այժմ մեր շախմատիստը 18,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդը Կառլսենն է` 17 միավորով, երրորդից հինգերորդ տեղերը կիսում են ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը և Յան Նեպոմնիաշչին, ովքեր վաստակել են 16-ական միավոր: Սլովակիան ներկայացնող հայազգի Սերգեյ Մովսիսյանը 12,5 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը 20 շախմատիստների շարքում:

Վաղը Լևոն Արոնյանի խաղացուցակը բավական բարենպաստ է հաջող արդյունք գրանցելու համար: Նա այլևս չի խաղալու Կառլսենի հետ, բացի այդ հանդիպելու է մի քանի ռուսաստանցի շախմատիստների հետ՝  Սվիդլեր, Սավչենկո, Ադրեյկին, Գրաչև, ովքեր գտնվում են մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: