2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ընդդիմությանը կրկին մերժեցին. հանրահավաքի օրը հերթական միջոցառում են կազմակերպում

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս մերժեց Հայոց Համազգային Շարժում կուսակցության կողմից դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին դիմումը:

Այսօր քաղաքապետարանում կայացած քննարկմանը որպես ՀՀՇ-ի կողմից լիազորված անձ ներկայացել էր Լևոն Զուրաբյանը:

Քննարկմանը ներկա էր նաև ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսլերը:

Պատասխանելով Epress.am-ի հարցին` Քեսլերը նշել է, որ ինքը որևէ կողմից հրավեր չի ստացել և սեփական նախաձեռնությամբ է մասնակցում քննարկմանը:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի խոսքով` ինքը եկել է` ընթացակարգին ծանոթանալու համար:

Քաղաքապետարանը մերժել է ՀՀՇ-ի դիմումն այն հիմքով, որ դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում արդեն իսկ նախատեսված է իրազեկված միջոցառում: Լևոն Զուրաբյանն առարկել է քաղաքապետարանի ներկայացուցչի այս առարկությանը` նշելով, որ դեկտեմբերի 10-ի համար ՀՀՇ-ի լիազոր ներկայացուցիչը եկել է քաղաքապետարան և հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակում չի տեսել համապատասխան միջոցառման մասին հայտարարությունը:
 
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը չի ժխտել այդ փաստը` նշելով, որ, քանի որ միջոցառումը կազմակերպել է քաղաքապետարանը, ինքն անձամբ չի գտնում, որ քաղաքապետարանն ինքն իրեն պիտի իրազեկի իր իսկ կողմից կազմակերպվող միջոցառման մասին:

Լևոն Զուրաբյանը նշել է, որ դա օրենքի խախտում է, քանի որ միայն ընթացակարգով սահմանված և իրազեկված միջոցառումները կարող են արգելքի համար հիմք հանդիսանալ:

Զուրաբյանի խոսքով` չնայած նրան, որ քաղաքապետարանը իրազեկել է ոստիկանությանն ու քաղապետարանի համապատասխան բաժնին, սակայն չի փակցրել, իսկ դա արդեն օրենքի խախտում է:

Բաղդասարյանն առաջարկել է արձանագրել այդ փաստը և համապատասխան դիմում ներկայացնել քաղաքապետարան:

«Եթե ձեր իրազեկումը չի կատարվել օրենքով սահմանված կարգով, ապա ես կարող եմ ենթադրել, որ դուք ձեզ օրենքից բարձր եք դնում և կոպտորեն խախտում եք օրենքը»,- ասել է Զուրաբյանը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասել է, որ ինքը սպասում էր նման որոշում, քանի որ բոլոր որոշումները կայացնում է Սերժ Սարգսյանը:

«Այն օրը, երբ կսպառվեն հարցերը պարզ և հանգիստ ձևով լուծելու տարբերակները, մենք հանրահավաք կանցկացնենք Ազատության հրապարակում և կվերականգնենք Սահմանադրությամբ սահմանված մեր իրավունքները»,- ասել է Զուրաբյանը: