2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ոստիկանությունը հաստատում է. հանցագործությունների բացահատման համար հետևում են սոցցանցերին

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գործող կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը հետևում է ինտերնետում, մասնավորապես, սոցիալական ցանցերում, այդ թվում` Facebook-ում արված գրառումներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով` եթե դրանցում պարունակվում են հանցավոր տարրեր կամ ապացույցներ, որոնք անհրաժեշտ են քրեական գործեր բացահայտելու համար, տեղեկատվությունը ստուգվում է այդ ստորաբաժանման կողմից:

Ըստ Մալխասյանի` դա նորույթ չէ, ստորաբաժանումը միշտ կիրառել է այդ գործիքը:

Նշենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ վերջին շրջանում Facebook-ում աճել է ոստիկան օգտատերերի քանակը: Ըստ թերթի` դա արվում է Facebook-ի տիրույթը վերահսկելու նպատակով:

Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանությունը սոցիալական ցանցը ևս վերահսկողության տակ առնելու նպատակ ունի, ընդ որում` ոչ միայն սկիզբ առնող հնարավոր ակցիաները վիզուալ կանխելու, այլև տեխնիկական անվտանգության: