Վարկերի տոկոսադրույքների փոփոխությունը գյուղացիների համար ավելորդ բեռ է. օմբուդսմեն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է իր 2012 թվականի զեկույցի՝ Գյուղատնտեսության նախարարության ոլորտում մարդու իրավունքների վիճակին վերաբերող հատվածը:
Համաձայն օմբուդսմենի, գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
- Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
- 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:
- Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:
- Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանկողմից սկսած «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ծրագիրը:
- Ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:
ՄԻ պաշտպանի կողմից արձանագրված դրական զարգացումները հետևյալն են.
- 2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես` հացամթերքի շուկայում և մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:
- ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության շրջանակներումնախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացումը»:
- ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով: