Քաղաքացիական հասարակությունը և քաղաքական միավորները սկսել են նույնանալ, այսինքն՝ նրանք գիտակցում են հիմա, որ նույն հոսքի մեջ են և նույն պահանջներն ունեն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը՝ այդ փոփոխության վկայություն համարելով այն, որ քաղաքացիները քննարկումները սկսել են անցկացնել Ազատության հրապարակում, որը նախկինում քաղաքացիական ակտիվիստներն ասոցացնում էին քաղաքական ուժերի հետ և որից խուսափում էին:
«Քաղաքացիական հասարակությունն իր դերն է կատարում՝ մշակութային հեղափոխություն և հասարակության համախմբում է իրականացնում: Սակայն ի տարբերություն իր ծննդյան շրջանում՝ Մաշտոցի պուրակի պայքարին, այժմ քաղաքացիական հասարակությունն ավելի առողջ է և այդ հասարակության ու քաղաքականության մեջ գոյություն ունեցող ճեղքը փոքրացել է», – ասել է Նեդոլյանը:
Ըստ հրապարակախոսի՝ այս գործընթացի համար նախադրյալ է եղել այդ թվում այն, որ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն ունի նաև քաղաքացիական տարր և նրա հանրահավքներից մեկին ելույթի իրավունք է տրվել նաև քաղաքացիական ակտիվիստի (խոսքը Ռուզաննա Գրիգորյանի մասին է-խմբ.):
Քաղացիական հասարակության և քաղաքական ուժերի ճեղքի վերացմանը նպաստել է նաև այն, որ քաղաքացիական ակտիվիստները փետրվարի 18-ին կայացած ընտրությունների նկատմամբ ուշադիր են եղել, դիտորդական առաքելություններում են ընդգրկվել և արդյունքների հրապարակումից հետո հայտնել են իրենց դժգոհությունը, բարձրաձայնել կեղծիքների մասին, այսինքն՝ քաղաքացիական հասարակությունը որպես քաղաքական գործոն է հանդես եկել:
Լուսանկարում՝ քաղաքացիական ակտիվիստների բողոքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շենքի մոտ