Մարցի ՓՀԷԿ-ի նախագծողը այլ ՀԷԿ շահագործելիս խախտումներ է թույլ տվել. բնապահպաններ
Լոռու մարզի Մարցի համայնքապետարանում փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծ ներկայացրած «Մարցէներջի» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը նախկինում այլ ՀԷԿ-երի շահագործման մեջ խախտումների համար ենթարվել է վարչական պատասխանավության: Այս մասին ասված է Բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության մեջ:
Խոսքը վերաբերում է «Չիչխան» փոքր ՀԷԿ-ի շահագործմանը Սիմոնյանի մեկ այլ՝ «Լեռ և Ջուր» ընկերության կողմից:
«Այժմ այս օրինախախտ գործարարը նախատեսում է փոքր ՀԷԿ կառուցել Մարց գետի վրա՝ մոռանալով Չիչխան գետն իր կողմից չորացնելու և դրա համար վարչական պատասխանատվության ենթարկվելու փաստի մասին: Հանրային լսումների ժամանակ էլ Մարց համայնքի բնակիչներին հորդորում է, որ իրեն չհամեմատեն ուրիշ փոքր ՀԷԿ-երի սեփականատերերի հետ, ովքեր ջրազրկում են գետերը, և որ ինքը շատ պարտաճանաչ տնտեսվարող սուբյեկտ է: Ըստ մեր ունեցած տվյալների, որոնք մեր հետ հեռախոսազրույցում հասատեց նաև Մարց համայնքի գյուղապետը, Լիպարիտ Սիմոնյանը կազմել է լսումների մասին արձանագրություն, որի տակ ստորագրել են գյուղապետը, ով ի դեպ չի հիշում թե ինչ էր գրված այդ արձանագրության մեջ, և գյուղի մի քանի բնակիչ: Իսկ լսումներին ներկա գտնված և դեմ արտահայտված բնակիչները ընդհանրապես տեղյակ չեն այդ արձանագրությունից», - հիշեցրել են բնապահպանները:
ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված նամակում՝ նախաձեռնությունը ներկայացրել է նաև «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերում հայտնաբերված թերությունները:
«Նախագծում նկարագրված չէ լանդշաֆտի և երկրաձևաբանական կառույցների վրա հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցությունը՝ մասնավորապես մոտ 5 կմ երկարությամբ ճնշումնային խողովակաշարի ացկացման ժամանակ, որի ուղեգիծը պետք է լինի մանրամասն քարտեզագրված և նկարագրված: Նախագծով նախատեսվում է Մարց գետում թողնել 0,1 խոր.մ/վրկ սանիտարական թողք, սակայն գնահատված չէ էկոհամակարգային ծառայությունների արժեքը՝ համաձայն Կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակներում գործող նոր մոտեցման: Պարզ չէ, թե այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա Մարց գետի ձկնային ռեսուրսների և էկոհամակարգի հետ, ո՞վ և ի՞նչ չափորոշիչներով պետք է հաշվարկի և փոխհատուցի հասցվող երկարաժամկետ վնասը: Այս մասին խոսք անգամ չկա նախագծում: Բացի դա, նախագծում նկարագրված չէ բնակչության բարեկեցության վրա ազդեցությունը, որը չի կարող դրական լինել, հաշվի առնելով միայն այն փաստը, որ տեղի բնակիչները փաստացի զրկվելու են ոռոգման ջրից և գետի էկոհամակարգային այլ ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Նախագծում բացակայում են այլընտրանքային լուծումները, այդ թվում` զրոյական գործողության այլընտրանք (նախատեսվող գործունեության բացառում), դրանց համեմատական վերլուծություն և առավել ընդունելի տարբերակի ընտրություն: Բացակայում է նախատեսվող գործունեության բնապահպանական վնասակար ազդեցության պատճառով ընտրված զրոյական տարբերակի դեպքում տնտեսական և սոցիալական զարգացման, շրջակա միջավայրի վրա ազդեցության հետևանքների մանրակրկիտ գնահատումը»,- նշել են բնապահպանները: