2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Բջջային հեռախոսից մինչև կինոժապավեն». Հայաստանում մեկնարկում է կարճ ֆիլմերի փառատոնը

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի 11-րդ փառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 2-ից 9-ը՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում: Մրցութային անվանակարգերն են «Մեկ կադր-մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 340 ֆիլմ, որոնցից 109-ը մրցութային կարգով, 231-ը՝ հատուկ ծրագրերով: Այս տարի «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում ներկայացված է 81 ֆիլմ՝ 61-ը՝ մրցույթում, 20-ը՝ արտամրցույթում: Կարճ ֆիլմեր անվանակարգում ներկայացված է 19 ֆիլմ՝ 5-ը Հայաստանից, «Կինո առանց սահմանի» անվանակարգում՝ 9-ը ֆիլմ՝ 3-ը Հայաստանից: Փառատոնին մասնակցում են 50-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

«Մեկ կադր-մեկ րոպե» մրցույթը փառատոնի հիմնադիր ծրագիրն է, որի ֆիլմերով կրթված հեղինակները դարձել են փառատոնի հետագա զարգացման հիմնական ներուժն ու 2008 թվականից փառատոնը ստացել է իր ներկա՝ երեք անվանակարգերով կառույցը:

Փառատոնը հեղինակներին աջակցում է սցենարի, նկարահանման  և մոնտաժի խնդիրներում: Նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան. ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով՝ բջջային հեռախոսից մինչև կինոժապավեն: