2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Այլ Հայաստանը» կին լուսանկարիչների աչքերով (ՖՈՏՈ)

10 կին լուսանկարիչների նորաբաց ցուցանհանդեսն անդրադառնում է Հայաստանում տարբեր սոցիալական խմբերի խնդիրներին և կենսակերպին:

ՆՓԱԿ-ում բացվել է կին վավերագրական լուսանկարիչների ցուցահանդես՝ «Մայր (այլ) Հայաստան» («mOther Armenia») խորագրով:

Լուսանկարիչների ֆոտոշարքերը ներկայացնում են տարբեր կանանց, ընտանիքների և խմբերի առօրյան, սոցիալ-տնտեսական վիճակը, վերհանում են մարդկանց ճակատագրերը՝ քաղաքական զարգացումների, պատերազմի, ավանդույթների ազդեցությունների թոհուբոհում:

Ցուցահանդեսը համադրող բուլղարացի լուսանկարիչ Սվետլանա Բաչևանովան Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստան գալուց առաջ ծանոթացել է մեր երկրի  իրավիճակին, շատ նմանություններ է գտել իր հայրենիքում կանանց հանդիպող խնդիրների և հայաստանյան խնդիրների միջև: Աշխատանքի ընթացքում Բաչևանովային ուրախացրել է այն, որ ժամանակակից արվեստագետների համար ոգեշնչման աղբյուր է հենց իրենց և համաքաղաքացիների կյանքը. իրենց գործերով նրանք փորձում են ուշադրություն հրավիրել սոցիալական և քաղաքական հիմնահարցերի վրա:

Լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանն իր «Արքայադուստրից՝ ստրուկ» շարքում ներկայացրել է ընտանեկան բռնության հիմնահարցը: Նրա լուսանկարները պատմում են բռնության ենթարկված կանանց մասին:

Փիրուզա Խալաֆյանի գործերը եզդի երիտասարդների մասին են: Լուսանկարիչը անդրադարձել է եզդիների կենսակերպին, մասնավորապես, նրան, որ եզդի աղջիկներին կրթության տալու մասին ծնողները շատ չեն մտահոգվում, ստիպում են երեխաներին զբաղվել անասնապահությամբ և ամուսանցնում են 13-14 տարեկանում:

Իննա Մխիթարյանն իր շարքում անդրադարձել է Ադրբեջանից ներգաղթած փախստականների կյանքին: Պատերազմի ավարտից 20 տարի անց էլ այն լի է խնդիրներով:

Սառա Անջարգոլյանը խոսել է բանակի հիմնահարցի մասին: Նա ցույց է տալիս իրենց որդիներին բանակում կորցրած ծնողների կյանքի շարունակությունը՝ արդարադատության հասնելու պայքարը:

Նազիկ Արմենակյանի շարքը անդրադարձ է կատարում տրանսգենդեր մարմնավաճառների կյանքին, ովքեր, ըստ լուսանկարչի, ԼԳԲՏ համայնքի ամենառիսկային և խոցելի խումբն են:

Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 17-ը: