2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Զենքից մատնահետքերը վերցրել են այլ վայրում առանց ընթերակայի. «բանդայի գործով» դատ

Աղմկահարույց «բանդայի գործով» հերթական դատական նիստի ընթացքում դատավորը կարճել է գործը մահացած Արման Դալլաքյանի մասով: Վերջինիս փաստաբանը Դալլաքյանին խոշտանգելու փաստերի առթիվ առանձին քննություն է պահանջում:

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «բանդայի գործով» դատավարությունը, որի ընթացքում ուսումնասիրվել են 2 հատոր ապացույցներ:

Նիստը սկզբում նախագահող Մխիթար Պապոյանը քննարկել է նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ինքնավսնասման փորձ կատարելու համար ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը: Դատավորը որոշել է կիրառել նախազգուշացում, դեպքի կրկնվելու դեպքում այլ միջոցներ կիրառելու պայմանով:

Epress.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասել է, որ նման զգուշացման կիրառմանը դեմ չէ, թեև, ինչպես դատարանում հայտարարել է, ամբաստանյալներին նման քայլի դրդել է գործով մինչ այժմ վարած քննությունից դժգոհությունը: 

Այսօր դատարանը նաև կարճել է գործը Արմեն Դալլաքյանի մասով՝ նրա մահվան փաստի հետ կապված: Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը հայտարարել է, որ իրենք գործն այդքանով ավատրված չեն համարում, այլ առանձին քննություն պետք է սկսեն Դալլաքյանին խոշտանգելու փաստերի առթիվ:  Նախորդ նիստում Դալլաքյանի հայրը  պահանջել էր, որ իր որդու մահվան հանգամանքը դատարանի համար հիմք չհանդիսանա նրա նկատմամբ քրեական գործը կարճելու համար, այլ դատավարությունը շարունակվի, և Արմանը հետմահու արդարացվի:

Այսօրվա նիստին ուսումնասիված ապացույցների շարքում ընթերցվել է նաև խուզարկության արդյունքում հայտնաբերված զինամթերքի մասին փորձագետի տված եզրակացությունը: Ըստ դրա՝ զենքի վրա հայնաբերվել են ամբաստանյալ  Արտյուշ Հակոբյանի մատնահետքերը: Հակոբյանի պաշտան Հովիկ Արսենյանը դատարանում հայտարարել է, որ այդ գնահատականը չի կարող համարվել ապացույց, քանի որ ձեռք է բերվել օրենքի խախտմամբ. քրեագետը մատնահետքեր չի վերցրել զենքից հենց դրա հայտնաբերման վայրում, և միայն գրասենյակում համեմատել է մատնահետքերը Հակոբյանի մատնահետքերի հետ՝ առանց ընթերակայի ներկայության: