2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Դատել Արծվաշենը հանձնողներին․ պահանջում է Պահպանողական կուսակցությունը

Պահպանողական կուսակցությունը հորդորւոմ է Հայաստանի իշխանություններին Ադրբեջանի հետ բանակցություններում ներառել Ադրբեջանի կողմից բռնազավթված, ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման և վերջինիս Հայաստանին վերադարձման հարցը։

Հունիսի 18-ի հայտարարությունում ասված է․

Պահպանողական կուսակցությունը

- հիմք ընդունելով՝


  • Տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին միջազգային իրավունքի սկզբունքը, 

  • ՀՀ Քրեական օրենսգրքի 300․2 հոդվածը (Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով),

  • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Ընտրական օրենսգիրքը,


- կարևորելով՝

  • ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը միջազգային հարաբերություններում և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում,

  • ՀՀ մարզերի համաչափ զարգացումը և քաղաքացներին հավասար հնարավորությունների տրամադրումը,

  • ՀՀ քաղաքացիների՝ անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի իրացումը,


հորդորում է ՀՀ իշխանություններին՝

  • Հայաստանի  Հանրապետության և Ադրբեջանի միջև բանակցություններում ներառել Ադրբեջանի կողմից բռնազավթված, ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման և վերջինիս Հայաստանին վերադարձման հարցը,

  • ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության քարտեզագրային խախտումներ իրականացնողներին,

  • ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ կազմակերպել Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։