2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանն ու Էյր Արբաիան նոր ավիափոխադրող են հիմնում՝ չնայած վատ հիշողությունների

Հայաստանի կառավարությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» 10-ական միլիոն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնադրելու համար․ նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստին։

Դեռևս այս տարվա հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն և Էյր Արաբիայի դուստր ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ազգային ավիաընկերություն:

Ըստ նախագծի՝ ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել ավելի քան 4 միլիարդ 733 միլիոն դրամ — պետական բյուջեում այժմ նախատեսվում է 4,733,720,000 դրամ ելքերի ավելացում:

Ներդրումներ է իրականացնելու նաև Էյր Արաբիային պատկանող ընկերությունը՝ իր բաժնեմասնակցության համապատասխան:
Ավիաընկերության կառավարումն իրականացվելու է Էյր Արաբիայի կողմից, որն Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ամենամեծ ավիափոխադրողն է համարվում: 

Էյր Արաբիայի հետ համագործակցությունը, ըստ կառավարության, կարող է նպաստել ոչ միայն Հայաստանի քաղավիացիայի զարգացմանը, այլև «նախկինում ծագած խնդիրների կարգավորմանը»։

«Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը։ Սա չի նշանակում, թե Հայաստանում հայկական այլ ավիաընկերություններ չպետք է լինեն և չեն կարող լինել։

Հայաստանի կառավարությունն ու Էյր Արաբիայի դուստր ընկերությունն այժմ ներդնում են գումար՝ յուրաքանչյուրը 10 մլն դոլար։ Էյր Արաբիան ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու փորձառություն։ Այս փորձառության բերումով է, որ մենք այսպիսի գործընկերությունը կարևոր ենք համարում», - նիստի ընթացքում նշել է վաչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիմնադրվող ավիաընկերությունը կկոչվի «Արնա»։

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ «ազգային փոխադրող» հասկացությունը, ըստ վարչապետի, կիրառելի է յուրաքանչյուր ընկերության նկատմամբ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում՝ որպես հայկական ընկերություն․ «Ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է հավասար մրցակցային դաշտում։ Միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է անում այստեղ։ Գիտեմ, որ կան որոշակի կասկածներ, մտավախություններ, տարընթերցումներ՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս ոլորտում մեղմ ասած տհաճ հիշողություններ ունենք, բայց կարծում եմ, որ մենք պետք է այս ճանապարհով գնանք՝ գիտակցելով նաև, որ ունենք որոշակի ռիսկեր, ինչպես ցանկացած ներդրման պարագայում։ Կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար պայմաններ, որպեսզի այդ ռիսկերը լինեն կառավարելի»։