«Wizz Air» հունգարական բյուջետային (լոուքոսթեր) ավիաընկերության նոր՝ Երևան-Լառնակա (Կիպրոս) չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, տեղեկացնում է Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի բաժինը:
2020-ի հունիսի 1-ից Երեւանից դեպի Պաֆոս (Կիպրոս) չվերթներ կիրականացնի նաև իռլանդական «Ryanair» լոուքոսթերը։
Այս պահին ավիատոմսերի արժեքը կազմում է մոտ 40 եվրո՝ դեպի Լառնակա և մոտ 20 եվրո՝ դեպի Պաթոս։ Տոմսերի գինը կտատանվի ըստ պահանջարկի, մնալով, ամեն դեպքում, լոուքոսթերին բնորոշ մատչելիության սահմաններում։
2020-ին հայաստանյան շուկա մուտք գործած բյուջետային ավիաընկերությունները, հիշեցնենք, Կիպրոսից բացի չվերթներ են իրականացնում (կամ կիրականացնեն) նաև դեպի Գերմանիա, Իտալիա, Ավստրիա և Լիտվա։
«Ryanair»-ի Երևան-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին ուղղություններով չվերթները արդեն իսկ մեկնարկել են՝ 2020-ի հունվարից։ 2020-ի ամռանից կգործի Գյումրի-Մեմինգեն (Գերմանիա) ուղղությունը։
Իսկ 2020-ի ապրիլից Wizz Air-ը կսկսի չվերթներ իրականացնել նաև Երևան- Վիլնյուս և Երևան-Վիեննա երթուղիներով։
Ի՞նչ է հարկավոր իմանալ լոուքոսթերների մասին, որպեսզի էժան տոմսերը թանկ չնստեն
Լոուքոսթեր, այսինքն՝ բյուջետային ավիաընկերությունները խնայում են բոլոր հնարավոր ծախսերը, ինչը հնարավորություն է տալիս էականորեն (հաճախ մի քանի անգամ) նվազեցնել նաև ավիատոմսերի գները։
Լոուքոսթերներն առաջարկում են մինիմալ ծառայություններ․ ցանկացած «շռայլություն»(ուղեբեռ, սնունդ և այլն) ենթադրում է հավելավճար։
— Ամենաէժան տոմսերը (20-40 եվրո արժողությամբ) սովորաբար վաճառվում են թռիչքից 45-90 օր առաջ: Գինը կախված է թռիչքի պահանջարկից։
— Լոուքոսթեր ավեիատոմսերը հնարավոր չէ վերադարձնել կամ փոխանակել։ Բացառություն են կազմում միայն ավելի թանկարժեք սակագնային պլանով ձեռքբերվածները։
— Լոուքոսթերները չունեն բիզնես և պրեմիում-էկոնոմ սրահներ։
— Նստատեղերի ամրագրումը հնարավոր է միայն հավելավճարով։ Սովորական, այսինքն՝ ամենամատչելի տոմսերով նստատեղը նախապես չի ամրագրվում։
Եթե ճամփորդում եք երկուսով կամ մի քանի հոգով, մեծ է հավանականությունը, որ իրար կողքի չեք նստի [ճիշտ է, ինքնաթիռի անձնակազմը որպես կանոն չի խոչընդոտում մարդկանց ինքնակազմակերպմանը, պայմանավորվելուն և տեղերով փոխվելուն]։
Նստատեղերն, ի դեպ, չեն ծալվում և չունեն առանձին գրպաններ։
— Ամենամատչելի տոմսերի գնի մեջ ուղեբեռը` ձեռքի պայուսակից բացի, ներառված չէ։ Տոմսը ներառում է միայն մեկ՝ 40x30x20 կամ 40x20x25 սմ չափսը չգերազանցող ձեռքի պայուսակ, որը պետք է տեղավորվի նստատեղի տակ։ Քաշը՝ առավելագույնը 10 կիլոգրամ։ Ուղեբեռի չափսը որպես կանոն չեն ստուգում, եթե այն արտաքնապես ակնհայտորեն չի տարբերվում ավիաընկերության սահմանված չափանիշներից։
Ավելի մեծ ուղեբեռի փոխադրումը հնարավոր է միայն հավելավճարով՝ ավելի թանկարժեք սակագնային պլան ընտրելու միջոցով։
Մարդիկ սովորաբար ընտրում են ամենամատչելի՝ Basic պլանի ավիատոմսերը, և փորձում սահմանված նորմերը գերազանցող ուղեբեռ անցկացնել։ Լոուքոսթերների դեպքում դա ոչ միայն իրատեսական չէ, այլև լուրջ տուգանքներ է ենթադրում։ Ասենք՝ փոքր ճամպրուկի համար օդանավակայանում ստիպված կարող եք լինել վճարել 50 եվրո, այնինչ նախապես վճարելու դեպքում դա մոտ 10 եվրոյի ծախս կենթադրեր։
Այս մոտեցումը ավիաընկերությանը թույլ է տալիս նվազեցնել օդանավի բեռնվածությունը, ինչն ապահովում է վառելիքի ավելի քիչ սպառում։ Բացի դա, նվազեցնում է նաև օդանավը սպասարկելու ժամանակը, ինչի հաշվին Wizz Air և Ryanair օդանավերը հասցնում են օրական միջինը 5 չվերթ իրականացնել։
— Սնունդն ու խմիչքը ներառված չէ տոմսի արժեքի մեջ։ Օդանավում սնունդը, խմիչքը վճարովի է, գները առանձնապես չեն տարբերվում մյուս ավիաընկերությունների առաջարկից։
— Գրանցումն ու հաշվառումն իրականացվում է ինքնուրույն։ Այսինքն՝ «check-in»-ը կամ«регистрация»-ն պետք է անել օնլայն, թռիչքից ամենաուշը մի քանի ժամ առաջ: Օնլայն չգրանվելու համար նախատեսված է տուգանք (մոտ 50-60 եվրո)։
Տուգանք է նախատեսված նաև նստեցման կտրոնը`«boarding pass»-ը, չներկայացնելու համար (մոտ 20 եվրո): Այսինքն՝ տոմսի արժեքը գերազանցող տուգանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես գրանվել և տպել (նաև՝ հեռախոսի մեջ ունենալ) նստեցման կտրոնը՝ հաշվառման կետի աշխատակցին ներկայացնելու համար։
— Լոուքոսթերները օդավակայանում շատ քիչ ժամանակ են կայանում, նստեցումը կազմակերպվում է մի քանի անգամ ավելի արագ, քան մյուս օդանավերի դեպքում։ Այսինքն՝ նույնիսկ չնչին ուշացման պատճառով դուք կարող եք զրկվել թռիչքի իրավունքից։