Պլանը թմրանյութ չէ․ Թաիլանդում թեթևացնում են բանտերն ու տնկիներ բաժանում
Հանրային վայրերում մարիխուանա ծխելն, ամեն դեպքում, օրենքի խախտում է համարվում։ Պետությունը շարունակում է նաև հսկել նյութում հալյուցինագեն տարրերի քանակը․ ըստ օրենքի, դրանք չպետք է գերազանցեն 0․2 տոկոսը։
«Թաիլանդական կանաբիսն իր պատմությունն ունի։ Մենք ունենք մարիխուանայի սեփական տեսակներ, արտադրության և վաճառքի փորձը, - Բանգկոկի Cannabis Gummy Shop-ի սեփականատեր Չոկվան Քիթի Չոպակի խոսքերը փոխանցում է BBC-ին, - Մենք կարող ենք վերականգնել այդ բիզնեսը և դարձնել այն անվտանգ՝ հետևելով, որ մարիխուանայի վաճառքը հասանելի չլինի երեխաների համար, իսկ մեծահասակները բավականաչափ իրազեկված լինեն և իմանան՝ ինչպես օգտագործել այն»։
«Հիմա, երբ համավարակից հետո Թաիլանդի տնտեսությունը գրողի ծոցն է գնում, երկիրն իրոք այս բիզնեսի կարիքն ունի», - ասում է Չոպակը։
«Չեմ կարծում, թե թաիլանդցիները պատրաստ են լեգալիզացմանը․․․ Անհրաժեշտ էր նախ իրազեկման արշավ կազմակերպել, որովհետև մարդիկ, օգուտների հետ մեկտեղ, կարող են իրենց նաև վնասել», - ասել է Reuters-ի զրուցակիցը։
Թաիլանդի վարչապետ Պրայութ Չան-Օչան կոչ է արել բոլոր նրանց, ովքեր մարիխուանա են օգտագործում, պատասխանատու վարք դրսևորել և զգուշացրել՝ պետությունը վերահսկելու է արտադրողների և սպառողների օգտագործումն ու վարքագիծը։
Կառավարությունը, միևնույն ժամանակ, նախատեսում է շուրջ մեկ միլիոն տնկիներ բաժանել՝ խրախուսելով ֆերմերներին զբաղվել նաև մարիխուանայի աճեցմամբ։
Բոլոր նրանք, որոնք պլանավորում են զբաղվել այս բիզնեսով, պարտավոր են գրանցվել PlookGanja կառավարական հավելվածում։ Թաիլանդի առողջապահության նախարարության տվյալներով, հավելվածում արդեն շուրջ 100 հազար մարդ է գրանցվել։