2011թ. առաջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի առատությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Վերջինս այսօր ներկայացրել է կոմիտեի եռամսյակային զեկույցը, որը վերաբերում է Հայաստանում խոսքի ազատության վիճակին և ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին:
Մելիքյանի խոսքով` ԶԼՄ-ների հետ ծագող խնդիրները դատական գործընթացներով լուծելու միտումն ավելի շատ պայմանավորված է քաղաքական գործիչների և այլ պաշտոնյաների անհանդուրժողականությամբ:
Զեկույցում նշված է, որ այս գործընթացում նկատելի ակտիվություն ցուցաբերեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները:
«Մեզ մոտ խնդիրն այն է, որ առայժմ մեր երկրում չի ձևավորվել անկախ դատական համակարգ և գործնականում հազվադեպ են կայացվում անաչառ և արդարամիտ վճիռներ` ԶԼՄ-ների դեմ հայցերի առնչությամբ»,- ասել է Աշոտ Մելիքյանը:
Համաձայն զեկույցի, 2011թ. առաջին եռամսյակում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 15 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվն ավելացել է 11 դեպքով: Գրանցվել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 4 դեպք:
Մելիքյանը հատուկ անդրադարձ է կատարել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ԱԺ երեք պատգամավորների` Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցին:
Հիշեցնենք, որ օրաթերթը տպագրել էր Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հայտնած այն տեղեկությունը, որ ԱԺ պատգամավորները հայտնվել են Ռուսաստանի իրավապահների կազմած մի ցուցակում, որը վերաբերում է թմրաբիզնեսի, զենքի ապօրինի վաճառքի, փողերի լվացմանն առնչվող գործերի հետ: Մելիքյանի խոսքով` թեև թերթը նշում է, թե ով է հրապարակման աղբյուրը, սակայն, դա դատարանի համար հիմք չի հանդիսացել և պատգամավորների հայցը բավարարվել է: