Home / Հայաստան / 2011 թվականին Հայաստանում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներն ավելացել են. փորձագետ

2011 թվականին Հայաստանում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներն ավելացել են. փորձագետ

2011թ. առաջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի առատությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Վերջինս այսօր ներկայացրել է կոմիտեի եռամսյակային զեկույցը, որը վերաբերում է Հայաստանում խոսքի ազատության վիճակին և ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին:

Մելիքյանի խոսքով` ԶԼՄ-ների հետ ծագող խնդիրները դատական գործընթացներով լուծելու միտումն ավելի շատ պայմանավորված է քաղաքական գործիչների և այլ պաշտոնյաների անհանդուրժողականությամբ:

Զեկույցում նշված է, որ այս գործընթացում նկատելի ակտիվություն ցուցաբերեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները:

«Մեզ մոտ խնդիրն այն է, որ առայժմ մեր երկրում չի ձևավորվել անկախ դատական համակարգ և գործնականում հազվադեպ են կայացվում անաչառ և արդարամիտ  վճիռներ` ԶԼՄ-ների դեմ հայցերի առնչությամբ»,- ասել է Աշոտ Մելիքյանը:

Համաձայն զեկույցի, 2011թ. առաջին եռամսյակում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 15 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվն ավելացել է 11 դեպքով: Գրանցվել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 4 դեպք:

Մելիքյանը հատուկ անդրադարձ է կատարել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ԱԺ երեք պատգամավորների` Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցին:

Հիշեցնենք, որ օրաթերթը տպագրել էր Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հայտնած այն տեղեկությունը, որ ԱԺ պատգամավորները հայտնվել են Ռուսաստանի իրավապահների կազմած մի ցուցակում, որը վերաբերում է  թմրաբիզնեսի, զենքի ապօրինի վաճառքի, փողերի լվացմանն առնչվող գործերի հետ: Մելիքյանի խոսքով` թեև թերթը նշում է, թե ով է  հրապարակման աղբյուրը, սակայն, դա դատարանի համար հիմք չի հանդիսացել և պատգամավորների հայցը բավարարվել է: