Շաբաթ երեկոյան՝ 20:00-ի սահմաններում, մոտ հարյուր մարդ, տասնյակ ոստիկաններ և քաղացիական հագուստով անձինք փակել էին Երևանի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի կանգառը։ Առավոտվանից մայրաքաղաքի փողոցներում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ իրականացնող մի քանի ակտիվիստներին երեկոյան միացել են ևս մի քանի տասնյակ երիտասարդներ։
Մոտավորապես 20։40-ին ակտիվիստները լքել են վերոնշյալ տարածքը՝ քայլելով դեպի Մաշտոցի պուրակ, որտեղ պետք է քննարկեին վաղվա և գալիք օրերի ռազմավարությունը։
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, երիտասարդները հատուկ խանդավառությամբ նշում էին, որ պայքարը վերջապես նորից սկսել է դուրս գալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից։ Այս պահին նրանք որոշել են շարունակել բողոքը և գնացել են դեպի Բաղրամյան 1 հասցեի մոտ գտնվող կանգառը։ Ակցիայի ընթացքում եղել են նաև վարորդներ, ովքեր վեճի են բռնվել ակտիվիստների հետ:
Երիտասարդները, ինչպես ողջ օրվա ընթացքում, այնպես էլ երեկոյան շարունակել են կոչ անել քաղաքացիներին վճարել 100, ոչ թե 150 դրամ և համապատասխան գրառումներով պաստառներ փակցնել երթուղայինների և ավտոբուսների վրա։ Ոստիկանները և քաղացիական հագուստով մարդիկ, ովքեր պնդում էին, որ գծատերեր չեն, այլ «տնտեսվարող սուբյեկտ», կոպտորեն հրում էին ակտիվիստներին։ Նրանք զգուշցնում էին, որ ակտիվիստները «կարող են մեքենայի տակ ընկնել»։ Խոչընդոտողների մի մասը կանգնեցնում էր ակցիայով անցած տրանսպորտը և պաստառազեռծում այն։