Home / Հայաստան / Նունե Եսայանի համերգը գնահատվել է 54 մլն դրամ

Նունե Եսայանի համերգը գնահատվել է 54 մլն դրամ

Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Ավելի քան 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգը:

Այս ծախսը բյուջեյում ձևակերպվել է իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա:

Գործակալությունը նշում է, որ իբրև այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:

«Դատելով այն բանից, որ կառավարությունը համերգից հետո, այդուհանդերձ, որոշեց փոխհատուցել դրա կազմակերպման ծախսերը, ապա կարող ենք վստահ լինել, որ Նունե Եսայանի համերգի շնորհիվ քաղաքացիական հասարակության տեղեկացվածությունը արվեստի ոլորտում, իրոք, բարձրացել է», – գրում է «Փաստինֆո»-ն: 

Լուսանկարը՝ Փաստինֆո