Home / Հայաստան / (Նեո)ռեալիզմ՝ դասական և հայկական

(Նեո)ռեալիզմ՝ դասական և հայկական

Մաս 2

Մթա 416-ին, երբ Աթենքն ու Սպարտան զինադադարի մեջ էին Պելոպոնեսեան երկրորդ պատերազմի (մթա 431-404) առաջին փուլից հետո, Աթենքը զորք ու բանագնացներ է ուղարկել չեզոք Միլոս կղզի՝ առաջարկելով կղզու բնակիչներին ընդունել Աթենքի գերիշխանությունը (վճարել հարկեր, կռվել Սպարտայի դեմ) կամ բնաջնջվել։ Աթենացի զինվորական և պատմիչ Թուկիդիդեսը ներկայացրել է աթենացիների և Միլոսի բնակիչների երկխոսությունը՝ Պելոպոնեսեան պատերազմի մասին իր գրած պատմությունում։ Այդ աշխատությունը համարվում է դասական ռեալիզմի արժեքավոր նմուշ։ Փոքրաթիվ ու ռազմական տեսանկյունից թույլ միլոսցիները խոսում են իրավունքից ու արդարությունից, Աթենքի ներկայացուցիչները՝ ուժից (Thucydides & Translator: Richard Crawley, 2003)։ «[Ա]շխարհի կարգն այնպիսին է, որ իրավունքը միայն ուժով հավասարներին է վերաբերում, մինչդեռ ուժեղներն անում են այն, ինչ կարող են անել, թույլերը դիմանում են նրան, ինչին պետք է դիմանան», – ասում են աթենացիները՝ առաջարկելով հանձնվել առանց կռվի (գիրք V, գլուխ XVII)։ Միլոսցիները փորձում են  կանխել հարձակումը՝ ասելով, որ եթե Աթենքը գերիշխանություն հաստատի Միլոսի նկատմամբ, ապա կթշնամացնի և Սպարտայի դաշնակիցը կդարձնի այլ չեզոք քաղաքներին։ Աթենացիները  պատասխանում են՝ պատրաստ են դիմել նման ռիսկի, քանի որ, եթե իրենք չնվաճեն Միլոսը, իրենց կայսրության հպատակության տակ գտնվող քաղաք-պետությունները կդիտարկեն դա որպես թուլության նշան ու կապստամբեն ընդդեմ Աթենքի։ «Եթե դուք նման ռիսկի եք դիմում՝ ձեր կայսրությունը պահպանելու համար <․․․> ապա մեր կողմից, անշուշտ, փոքրոգիություն և վախկոտություն կլինի, քանի դեռ ազատ ենք, չփորձել [դիմադրել]․․․», – արձագանքում են միլոսցիները՝ հավելելով՝ կռվի ելքը երբեմն անսպասելի է լինելում, սպարտացիները կարող են իրենց օգնության հասնել, աստվածները կպաշտպանեն իրենց, քանի որ իրենք արդար են և պայքարում են անարդարության դեմ։ 

Աթենացիները հակադարձում են՝ կշեռքի նժարին միլոսցիների կյանքն է, ոչ թե պատիվը կամ ամոթը, որոնք վերաբերելի են միայն հավասարների միջև կռվին։ Նման պայմաններում, ըստ աթենացիների, անխոհեմ է հուսալ, թե կռվի ելքը պարտությունը չի լինի։ Բացի այդ, ըստ աթենացիների՝ իրենք աստվածների կամքին չեն հակառակվում, քանի որ հենց աստվածների և բնության օրենքն է, որ ուժեղներն իշխեն այնտեղ, որտեղ կարող են։ «Այնպես չէ, որ մենք ենք ստեղծել այդ օրենքը կամ առաջինն ենք գործում դրան համաձայն․ մեզնից առաջ էլ է այն եղել ու կլինի հավերժ մեզնից հետո։ Մենք ընդամենը կիրառում ենք այն՝ վստահ, որ բոլորը և դուք է՛լ, եթե ունենայիք մեր ուժը, կվարվեիք ճիշտ այնպես, ինչպես վարվում ենք մենք», – փաստարկում են աթենացիները։ Ինչ վերաբերում է Սպարտայի հնարավոր օգնությանը՝ նրանք նշում են, որ սպարտացիներն էլ են մեծ ուշադրություն դարձնում ուժի գերակայությանը, ուստի անհավանական է, որ Միլոսը փրկելու համար նավարկեն դեպի կղզի՝ իմանալով, որ ծովում Աթենքը անառարկելի առավելություն ունի։ 

Աթենացիների փաստարկները չեն համոզում միլոսցիներին։ Նրանք որոշում են կռվել՝ ապավինելով  աստվածներին, որոնք պահպանել են իրենց քաղաքը մոտ 700 տարի, և  սպարտացիների հնարավոր օգնությանը։ Արդյունքում Աթենքը նվաճում է Միլոսը, սպանում տղամարդկանց, ստրկության վաճառում կանանց ու երեխաներին և վերաբնակեցնում կղզին իր կայսրության այլ տարածքներից բերված բնակիչներով։ 

Այս երկխոսությունում ու ընդհանրապես՝ Պելոպոնեսեան պատերազմի մասին Թուկիդիդեսի գրվածքներում աթենացիներն առաջնորդվում են ռեալիզմի ծայրահեղացված տրամաբանությամբ։ Ըստ այդմ՝ միջազգային ասպարեզում արդարությունն ու բարոյականությունը որևէ նշանակություն չունեն․ ուժեղները նվաճում են և պետք է նվաճեն թույլերին, հակառակ դեպքում իրենք կթուլանան ու կնվաճվեն։ Ընդ որում՝ ուժեղները ձգտում են նվաճել ոչ միայն թույլերին, այլև այլ ուժեղներին, որպեսզի ոչ միայն կանխեն ուրիշների՝ իրենցից ուժեղ դառնալը, այլև հասնեն փառքի ու մեծության (glory and greatness)։

Դասական ռեալիզմը նկարագրում է աշխարհի մի ողբերգական պատկեր, որտեղ ինչպես ուժն անտեսելը, այնպես էլ նրան ամբողջությամբ ապավինելը տանում են կործանման։ 

Այնպես չէ, որ Թուկիդիդեսը՝ որպես մեզ հայտնի առաջին դասական ռեալիստ, կամ նրա ժամանակակից գաղափարակիցները ամբողջությամբ ընդունում են աթենացիների ծայրահեղացված տրամաբանությունը։ Խնդիրն այն է, որ Աթենքը ջախջախվել է Պելոպոնեսեան երկրորդ պատերազմում և այլևս երբեք չի կարողացել վերականգնել իր երբեմնի հզորությունը։ 

Թուկիդիդեսի գրվածքները հին հունական ողբերգության են նման․ ուժի դիրքերից ուրիշների հետ հարաբերվող աթենացիները նույն կերպ սկսում են հարաբերվել նաև միմյանց հետ, ինչի արդյունքում խաթարվում են ներհանրային բարոյականությունը, համերաշխությունն ու կապերը, և Աթենքը սկսում է քայքայվել ներսից (Forde, 1992, p. 384)։ Պելոպոնեսեան պատերազմին զուգահեռ՝ Թուկիդիդեսը նկարագրում է նաև Աթենքի ներքաղաքական գործընթացները։ Պրո-պատերազմական դեմագոգների, հատկապես՝ Կլեոնի (գիրք III, գլուխ IX; գիրք IV; գիրք V, գլուխ XV), Կորկիրյան քաղաքացիական պատերազմի (գիրք III, գլուխ X) ու Աթենքի ներսում բռնկված ժանտախտի (գիրք II, գլուխ VII) ժամանակ մարդկանց վարքագծի մասին նրա վառ նկարագրությունները հուշում են, որ նա, հակառակ նեոռեալիզմի, հստակ կապ է տեսնում արտաքին ու ներքին քաղաքականությունների միջև։

Դասական ռեալիզմը նեոռեալիզմից տարբերվում է նաև նրանով, որ պատերազմների հիմքը տեսնում է ոչ այնքան աշխարհի անարխիստական կառուցվածքի, որքան մարդու բնույթի մեջ (Korab-Karpowicz, 2023, p. 4)։ Ըստ դասական ռեալիզմի, մարդկային փառասիրությունը, իշխանության ձգտումն ու ամբարտավանությունն են, որ մարդկությանը դնում են հավերժ պատերազմների անկասելի շղթայի մեջ (Dunne et al., 2016, pp. 35–36)։ Օրինակ, Թուկիդիդեսի համոզմամբ՝ Սիցիլիական արշավանքը (մթա 415-413-ի), որը քամեց Աթենքի ռեսուրսները, խորացրեց ներքին պառակտումները և ի վերջո հանգեցրեց Աթենքի հզոր նավատորմի գրեթե իսպառ ոչնչացմանը, դրդված էր աթենացիների ագահությունից ու չափից դուրս ինքնավստահությունից (գիրք VI-VII)։ Նմանապես՝ 2003-ին ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք դասական ռեալիստները բացատրում էին նախագահ Բուշ կրտսերի ու նրա թիմի՝ ԱՄՆ հզորությունից առաջացած ամբարտավանությամբ, որի արդյունքում անտեսվել են ԱՄՆ դաշնակիցների դիրքորոշումները ու սխալ են գնահատվել ներխուժման հետևանքները (Dunne et al., 2016, p. 47)։ 

Դասական ռեալիզմը աշխարհի մռայլ պատկեր է նկարագրում, որտեղ, մի կողմից, ուժի գործոնի թերագնահատումն է ծանր հետևանքներ ունենում, մյուս կողմից՝ արդարության անտեսմամբ ուժին ապավինելն է հանգեցնում ինքնակործանման (Dunne et al., 2016, pp. 35–36): Միակ լուծումը, որ թվում է թե առաջարկում է Թուկիդիդեսը, այն է, որ պետության ղեկավարները զսպվածություն ցուցաբերեն ուժ կիրառելիս և ապավինեն կեղծավորությանը՝ արտաքին հարաբերություններում շարժվեն ուժի թելադրանքով, բայց այնպես և այնքանով, որ հնարավոր լինի քողարկել դա բարոյականությամբ (Forde, 1992, pp. 388–389)։ 

Հայ-ադրբեջանական հակամարտությունն ու հայ ռեալիստները

Դասական ռեալիզմը՝ որպես տեսություն, նկարագրում և բացատրում է իրողությունները, բայց և  հրահանգում և թելադրում է, թե ինչ քաղաքականություն պետք է վարեն պետությունները։ Դասական ռեալիզմի տեսակետից  Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը օրինաչափ է թվում․ Ադրբեջանը նշանակալիորեն ավելի շատ գումար էր ծախսում սպառազինության վրա, ուներ ավելի ուժեղ բանակ և ավելի հավատարիմ դաշնակիցներ, քան Հայաստանը։ Ռեալիստական մոտեցման լավ օրինակ է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-98 թվականների դիրքորոշումը։ Նա պնդում էր, որ ԼՂ հարցում հայկական կողմերը պետք է փորձեն հնարավորինս արագ  փոխզիջումային  կարգավորման հասնել, քանի որ «Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը»։ Նրա ձևակերպումները՝ «պարզ քաղաքական հաշվարկ», «պետք է լինել իրատես», «ուժերի ․․․հարաբերակցություն», «ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցություն» և այլն, դասական ռեալիզմի դիրքերից իրողությունները գնահատելու (նկարագրական ասպեկտ) և գործողություններ անելու (հրահանգչական ասպեկտ) տիպիկ դրսևորում էին։  

Ավելին՝ դասական ռեալիզմը կարող է նաև բացատրել, թե ինչու Տեր-Պետրոսյանի «իրատեսությունը» չտպավորեց նույնիսկ նրա վարչակազմին։ Այնպես, ինչպես աթենացիները չկարողացան ուժի հարաբերակցության մասին չոր դատողություններով համոզել միլոսցիներին, Տեր-Պետրոսյանը չկարողացավ համոզել նույնիսկ իր թիմին։ Հետին թվով կարելի է ասել, որ նրա չոր ռեալիստական հաշվարկը «ճիշտ դուրս եկավ»։ Բայց և այնպես՝ ոչ Միլոսի դեպքն է առաջինը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղինը՝ վերջինը։ Միլոսի պատմությունը մեզ նրբորեն հուշում է՝ որքան էլ ցայտուն լինի ուժերի տարբերությունը, միևնույնն է՝ այդ փաստարկն ինքնին բավարար չէ մարդկանց համոզելու համար։ Հպարտության, արդարության, քաջության ու նմանատիպ այլ բաների մասին բարոյական պատկերացումներն ու էմոցիաները հաճախ չեն թողնում, որ չոր հաշվարկներ մատնանշելով՝ հնարավոր լինի մարդկանց համոզել դեմ գնալ իրենց կոլեկտիվ համոզմունքներին։ Ընդունված բարոյականության դիրքերից հանդես եկող ամենավերջին հիմարն ու դեմագոգը ավելի շատ մարդ կարող է մոբիլիզացնել, քան «իմաստունները», որոնք առաջնորդվում են ընդունված բարոյականությանը հակասող հաշվարկներով։ Զուտ ուժերի հաշվարկով մարդկանց դժվար է համոզել անել բաներ, որ նրանք համարում են անբարոյական։  

Կարելի է ենթադրել (թեև ոչ պնդել), որ Տեր-Պետրոսյանը ավելի շատ մարդու կարող էր համոզել 1998-ին, եթե ազգայնական աշխարհայացքը այն ժամանակ չլիներ բարձր բարոյականություն թելադրողը, և Տեր-Պետրոսյանն էլ հանդես գար այլ բարոյական դիրքերից (օրինակ՝ բարոյապես անընդունելի է ԼՂ հարակից շրջանների բնակիչներին փախստական դարձնելը, այդ շրջանները հետ տալուց հրաժարվելը, միջազգային  ընդունված նորմերն անտեսելը և այլն)։ Ուստի օրինաչափ էր, որ երբ նրա ռեալիստական հաշվարկները բախվեցին ազգայնական բարձր բարոյականությանը, այդ «բարոյականությունը» հաղթող դուրս եկավ։ Եթե Տեր-Պետրոսյանը ազգայնական աշխարհայացք չունենար, ապա նախ և առաջ կարիք կունենար ստվերել այն ժամանակվա ազգայնականությունն ու նրա թելադրած բարոյականությունը, որից հետո նոր, միգուցե, հնարավոր լիներ բարձր համարվող մեկ այլ բարոյականության դիրքերից հաջողության հասնել խաղաղ ճանապարհով ու փոխզիջումներով ԼՂ հարցը կարգավորելու գործում։

Ի դեպ, ինչ-որ անհասկանալի բան կա նրանում, որ ուժեղ կողմը երկխոսության մեջ է մտնում թույլի հետ՝ որևէ բան համոզելու համար։ Եթե աշխարհի դրվածքը լիներ այնպիսին, որ ուժային առավելություն ունեցողներն ինքնաբերաբար՝ «ավտոմատ» կերպով իշխեին թույլերին, ապա միլոսցիներն աթենացիների զորքը տեսնելուն պես կհանձնվեին ու կարիք չէր լինի նրանց հետ բանակցություններ վարելու։ Աթենացիների կողմից երկխոսության մեջ մտնելն ու համոզելու փորձեր անելն ինքնին  նշանակում է, որ զուտ ուժային առավելությունը երաշխիք չէ։ Իհարկե,  աթենացիների համար ավելի ձեռնտու կլիներ Միլոսը վերցնել առանց կռվի, քանի որ այդպես նրանք ավելի շատ մարդուժ ու տնտեսական ռեսուրս կունենային Սպարտայի դեմ պատերազմում։ Բայց նման երկխոսության մեջ մտնելու փաստն արդեն իսկ հերքում է աթենացիների հիմնական արգումենտը, ըստ որի բնության օրենքը ուժեղներին թույլերի վրա իշխելու «իրավունք» է տալիս։

Բացի դա՝ միլոսցիները պահվածքը այնքան էլ իռացիոնալ չէ, ինչքան թվում է առաջին հայացքից։ Բիբլիական Դավիթի և Գողիաթի պատմության նման՝ երբեմն փոքր ու թույլ կողմը կռվի մեջ է մտնում ավելի մեծ ու ուժեղ կողմի հետ և հաղթում։ Աշխարհն ավելի բարդ է ոչ միայն որովհետև ուժեղը միշտ չէ, որ հաղթում է, այլ նաև որովհետև ուժեղը փոփոխական է։ Դասական ռեալիզմը հետին թվով ռացիոնալիզնելու հակում ունի՝ իր առաջարկած տրամաբանությունը հերքող դեպքերը ուղղակի բաց են թողնվուն, մնում են միայն հաստատողները։

Դասական ռեալիզմը ԼՂ երկրորդ պատերազմից հետո Հայաստանում հանդես է գալի արդեն այլ՝ «Հայաստանը թույլ է ու չի կարող խուսափել Սյունիքում միջանցք տալուց, եթե չտա՝ ավելի վատ կլինի» տեսքով՝ մոտավորապես այնպես, ինչպես ձևակերպել է քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Նեոռեալիզմը հայկական միջավայրում օգտագործվում է հակաթուրքական ագրեսիվությունը ակադեմիական տերմինաբանությամբ քողարկելու ու արդարացնելու համար։ 

Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է, թե Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ «հարձակողական ռեալիզմի հաղթանակն է պաշտպանողական ռեալիզմի հանդեպ <․․․> Նա, ով միայն մտածում է պաշտպանվելու մասին, միշտ ի վերջո պարտվում է նրան, ով ավելի ակտիվ հարձակողական, միշտ նախաձեռնությունն իր ձեռքում պահելու և հաղթելու հստակ հավակնություններ ու տեսլական ունի»։ 

Այս էսսեյի առաջին մասում նշել եմ, որ նեոռեալիզմը՝ լինի հարձակողական (Միրշայմեր) թե պաշտպանական (Վալց), կիրառելի չէ փոքր պետությունների համար՝ ըստ դրա հիմնադիրների, ուստի Հայաստանի վերջին պարտությունը նման կլիշեներով բացատրելու փորձերը հակասում են նույնիսկ նեոռեալիզմի հիմնադիրների մոտեցումներին։ Ինչ վերաբերում է մեծ պետություններին՝ 1648-2022 թվականներին տեղի ունեցած թվով 94 պատերազմների վերլուծությունը ցույց է տվել, որ «ակտիվ հարձակողական» ու «հաղթելու հստակ հավակնություններ» ունեցողները պարտվել են իրենց իսկ նախաձեռնած պատերազմների կեսից մի փոքր ավելի մասում, իսկ 1945-ից հետո՝ մոտ 80 տոկոսում (Lebow, 2022, pp. 111, 121–127)։ Աբրահամյանի՝ ակնհայտ սխալ պնդումից կարող ենք ենթադրել, որ նա նեոռելիզմը զուտ օգտագործում է հակաադրբեջանական ագրեսիվություն քարոզելու համար՝ ընդդեմ խաղաղության հաստատման Հայաստանի գործող իշխանությունների այսօրվա ջանքերի։

Նեոռեալիզմը տեղայնացնելու հետաքրքիր փորձ է արել Տեր-Պետրոսյանի հետևողական քննադատ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Հիմնվելով Վալցի մոտեցումների վրա՝ Սարգսյանը նշում է, որ միջազգային անարխիստական  կառուցվածքը պետություններին վարքի ունիվերսալ տրամաբանություն է թելադրում՝ անկախ տվյալ պետության քաղաքական ռեժիմից (Саркисян, 2023) (առաջին մասում արդեն ցույց եմ տվել, որ սա հիմնավորապես սխալ պնդում է)։ Այնուհետև Սարգսյանը, հղվելով Օտտո Ֆոն Բիսմարկին, որին նեոռեալիստերը սիրում են մեջբերել, ներկայացնում է ուժային հավասարակշռությունների այսպես կոչված «եռանկյունիների» տրամաբանությունը։ Ըստ դրա, ամենաուժեղ գերտերությունը իրեն մարտահրավեր նետողին զսպելու համար ուժեղացնում է մի երրորդ երկրի, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ն ենթադրաբար Թուրքիան էր ուժեղացնում ընդդեմ Խորհրդային Միության (տես նաև՝ Բուն TV a, 2020)։ Այս կերպ, ըստ Սարգսյանի, ձևավորվում են բազմաթիվ եռանկյունիներ, ուստի ամեն փոքր երկիր պետք է հասկանա ու գտնի իր տեղը այդ եռանկյունիներում։ Անկախ Հայաստանը, ըստ նրա, Թուրքիային զսպող (երրորդ) երկրի դերում է և՛ Ռուսաստանի ու Իրանի, և՛ Արևմուտքի համար, քանի որ ԽՍՀՄ փլուզմամբ Թուրքիան կորցրել է իր նշանակությունը Միացյալ Նահանգների համար ու դարձել գլխացավանք (Բուն TV b, 2020)։ Սարգսյանը այստեղից հետևություն էր անում, թե Թուրքիային զսպելու հարցում շահագրգռված երկրները հզորացնելու էին/են Հայաստանին։

Սարգսյանը նման վերլուծություններով հանդես է եկել մինչև 2020-ի ԼՂ պատերազմը (Բուն TV b, 2020)։ Պատերազմից առաջ և  ընթացքում Հայաստանի իշխանությունը ընդգծված հակաթուրքական հայտարարություններ էր անում՝ խոսելով Սևրի պայմանագրից ու ԼՂ հարցը ներկայացնելով «ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականության» կոնտեքստում։ Թվում է, թե այդ ժամանակ ՀՀ իշխանությունները առաջնորդվում էին հենց նրա նկարագրած տրամաբանությամբ՝ ստանձնել հակաթուրքական բևեռի դերը՝ հույսով, որ Արևմուտքը կամ Թուրքիային զսպելու ցանկություն ունեցող այլ երկրներ կօգնեն Հայաստանին ԼՂ պատերազմում։ Այդ հակաթուրքականությունը, սակայն, Հայաստանին ոչ մի նշանակալի օժանդակություն չապահովեց։ Եվ եթե Փաշինյանը պատերազմից հետո փոխեց արտաքին քաղաքականությունը ու գնաց Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղով, ապա Սարգսյանը շարունակում է հավատալ, որ ճիշտը  Ադրբեջանին մահացու մեղքերի մեջ մեղադրելն ու ներկայիս «հաշտության ռազմավարությունը» թուրք-ադրբեջանական «էքսպանսիոնիզմի զսպման ռազմավարությամբ» փոխարինելն է՝ կարգավորելով հարաբերությունները «նրանց հետ, ովքեր օգտվում են հայերի և թուրքերի անտագոնիզմից»։

Թվում է, թե Սարգսյանի գրեթե բոլոր վերլուծությունները հանգում են նրան, որ Հայաստանի քաղաքականությունը հակաթուրքական երանգավորում պետք է ունենա։ Ընդ որում՝ նա նման քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը միայն նեոռեալիզմով չէ, որ հիմնավորում է։ Երբ նա մեծ նշանակություն է տալիս ճանաչման միջազգային նորմին, իր դատողություններում ավելի շատ հարում է միջազգային հարաբերությունների Անգլիական կոչվող դպրոցին։  Երբ Սարգսյանը քննադատում է տերպետրոսյանական ռեալիզմը՝ միջազգային իրավական փաստաթղթերին պատճաշ նշանակություն չտալու համար, նա խոսում է լիբերալ դիրքերից։  Տարբեր մոտեցումները զուգամիտելու նրա փորձերում միակ հաստատուն ու հետևողական բանը, թվում է, հակաադրբեջանական/հակաթուրքական երանգն է (ԼՂ-ն պետք է վաղուց ճանաչվեր ՀՀ կողմից, ՀՀ-ն չպետք է Ալմա-Աթայի հռչակագով ճանաչեր Ադրբեջանի տարածքը ԼՂ-ով հանդերձ և այլն)։

Նեոռեալիզմը ինքնին հակասական գաղափարախոսություն և մարգարեություն է, ինչպես ցույց եմ տվել էսսեյի առաջին մասում։ Նեոռեալիզմով (ներառյալ՝ եռանկյունիների տրամաբանությամբ) ինչ-որ բաներ բացատրելու կամ քաղաքականություններ առաջարկելու Սարգսյանի փորձերը, այն էլ՝ միախառնված նեոռեալիզմը հերքող տեսությունների հետ, լի են  տպավորիչ քանակի հակասություններով և հիմնազուրկ պնդումներով։ Օրինակ՝ Սարգսյանը մի կողմից պնդում է, թե ճանաչման հիմքում բացառապես ճանաչողի շահն է ընկած, ոչ թե ստանդարտը կամ նորմը, մյուս կողմից՝  միևնույն տեքստում գրում է՝ եթե մի ճանաչված պետություն հրաժարվում է ճանաչել որևէ սուբյեկտի, մյուս ճանաչված պետությունները ևս հրաժարվում են ճանաչելուց (այսինքն՝ ստանդարտը կամ ընդունված նորմը կարևոր է այդ  հարցում, Саркисян, 2023)։

Մեկ այլ օրինակ․ ըստ Մանվել Սարգսյանի, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն իր հիմնական հակառակորդն ու մրցակիցն է համարել ոչ թե ԽՍՀՄ-ին, այլ ավերված ու բաժանված Եվրոպային (Саркисян, 2023)։ Կամ՝ ԽՍՀՄ-ը փլուզվել է ոչ թե ներքին քաղաքատնտեսական տրանսֆորմացիաների, այլ ԱՄՆ-ի համար ԽՍՀՄ-ի՝ Եվրոպային զսպողի դերը կորցնելու պատճառով (Саркисян, 2023)։ Սրանք և այս շարքից բազմաթիվ այլ պնդումներ չունեն փաստական որևէ հիմնավորում, ուստի չարժի անգամ դրանց անդրադառնալ։ Բայց արժի անդրադառնալ նրա քննադատության մեկ այլ դրվագի։

Այսպես, Սարգսյանը պնդում է, որ ժամանակին կար հնարավորություն՝ աշխատելու Եվրոպական Խորհրդի (ներկայիս ԵՄ) ու միջազգային կառույցների հետ, որպեսզի նրանք Ադրբեջանը չճանաչեն ԽՍՀՄ վարչական սահմաններով։ Մասնավորապես՝ 1991թ․ դեկտեմբերի 19-ին Եվրոպական Խորհուրդը որոշել է, որ մեր տարածաշրջանում նոր ձևավորվող պետությունների ճանաչման հարցում առավելությունը տալու է ինքնորոշման իրավունքին և որ ամեն երկրի դեպքը դիտարկվելու է առանձին։ «Բայց երբ որ դեկտեմբերի 21-ին բուն այդ [ԱՊՀ] երկրները [Ալմա Աթայի հռչակագրով] ասին՝ ո՛չ, այ սենց ենք անում՝ ինչ սահմաններ կա, սուվերենությունը ճանաչում ենք ու գնացինք առաջ, այդ ժամանակ նրանք [Եվրոպական խորհուրդը] իրենց թուղթը գցեցին մի կողմ, իրենք էլ ավտոմատ կերպով ճանաչեցին [ԽՍՀՄ վարչական սահմանները]», – ասում է Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այս կերպ է «Ղարաբաղը աշխարհում ֆիքսվել որպես Ադրբեջանի ռեգիոն»։ Ըստ նրա՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը պատշաճ նշանակություն չի տվել իրավական նմանատիպ փաստաթղթերին, քանի որ, ի թիվս այլ կեղծ համոզմունքների, համարել է, թե «իրավունքս որն է, ուժն է ծնում իրավունք»։ Մինչդեռ Հեյդար Ալիևը, ըստ նույն Մանվել Սարգսյանի, հասկանալով իրավունքի կարևորությունը՝ դեռ մինչև Ադրբեջանի նախագահ դառնալն է շեշտել, որ  «իրավունքը պետք է մեր ձեռքում պահենք», ինչը ենթադրել է նաև ԼՂ-ում զենք կիրառելու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունք։ «Ալիևը զենքը կիրառելու իրավունք է ստացել աշխարհից ․․․ նույնիսկ քրեական աշխարհում մարդիկ փայլուն հասկանում են, որ ոչ մի զենքով ոչ մի հարց չես լուծի՝ մինչև իրավունք չստանաս զենք կիրառելու», – ասում է Սարգսյանը։

Սա լիբերալիզմի դիրքից արված  քննադատություն է։ «Ուժն է ծնում իրավունք»-ը կեղծ համոզմունք է համարվում հենց լիբերալ փիլիսոփայությունում։ Օրինակ՝ լիբերալ մտածողներից Ժան Ժակ Ռուսոն (1712-1778) իր «Հասարակական դաշինք» գրքում գրում է (գիրք 1, գլուխ 3), որ «ուժեղի իրավունք» արտահայտությունը անբացատրելի անհեթեթություն է (անգլերենով՝ inexplicable nonsense, ֆրանսերենով՝ galimatias inexplicable) (Rousseau, 1999, p. 48)։ Սարգսյանը այս մոտեցման մասին հիշում է միայն այն ժամանակ և այնքանով, որքանով այն կիրառելի է հակաթուրքական քայլերի անհրաժեշտությունը հիմնավորելու համար։ Բայց երբ  ասվում է՝ քանի որ աշխարհը զենք կիրառելու Հայաստանի իրավունքը ճանաչում է միայն նախկին ԽՍՀՄ վարչական սահմանների ներսում, աշխարհից ավելին պահանջելը անհասանելի ռեսուրսներ է պահանջում և անիմաստ է, Սարգսյանը այդ մոտեցումը բնութագրում է որպես իրավունքներից ու ինքնորոշումից հրաժարում, վկայակոչում ագրեսիան արդարացնող նեոռեալիզմը, պնդում, թե աշխարհակարգը քանդվում է (ըստ նրա՝ արդեն ավելի քան 30 տարի), թե ժամանակակից Թուրքիան տառապում է «ողջ Մերձավոր Արևելքում Օսմանյան կայսրության ժառանգությունը վերակենդանացնելու մոլուցքով», թե «թուրքերն ու ադրբեջանցիները չեն ճանաչում հայերի՝ սեփական ազգային պետության իրավունքը» և այլն։ Հանկարծ պարզվում է, որ ֆորմալ ճանաչման միջազգային նորմը, որին Սարգսյանը շատ մեծ նշանակություն է տալիս, որևէ նշանակություն չունի, երբ խոսքը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին է՝ մի բան, որ նրանք արդեն արել են։ Ճանաչման փոխարեն մեկ էլ նշանակություն է ստանում այն, որ որոշ թուրք ինտելեկտուալներ գրել են, թե «թուրքերի գոյության պայմանը հայերի գոյություն չունենալն է»։  

Սարգսյանը շատ է խոսում այն մասին, որ ինքնորոշումը Հայաստանում չի հասկացվել և որ հայ ժողովուրդը չի ինքնորոշվել։ Ինքորոշումը նա կապում է ընտրության հասկացության հետ ու սահմանում որպես գործընթաց, «որի միջոցով որոշվում, հաստատվում և ապահովվում է ժողովրդի քաղաքական կարգավիճակը, նրա տնտեսական կարգավիճակը, սոցիալական կարգավիճակը, մշակութային կարգավիճակը, ինչպես նաև նրա կարգավիճակը որպես երկրի «բնական հարստությունների և ռեսուրսների» սեփականատեր ու տիրապետող» (Саркисян, 2023)։ Այս սահմանման մեջ շատ բան կարող է մտնել (2018-ի հեղափոխություն, 2021-ի խորհրդարանական ընտրություններ), քանի որ  ցանկացած կարևոր դեմոկրատական գործընթաց առնչվում է երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային կարգավիճակի որոշմանը, հաստատմանն ու ապահովմանը։ Բայց երբ, օրինակ, ժողովուրդը որոշում ու քանդում է քրեաօլիգարխիկ համակարգը (ինչը, ըստ Սարգսյանի, արվել է 2018-ին), նա դա ինքնորոշում չի համարում։ Հետաքրքիր է, որ Սարգսյանն ի՛նքը մեծ ներդրում ունի մինչ-2018-ի քրեաօլիգարխիկ ռեժիմի ապամոնտաժման մեջ, թեկուզ միայն իր ճշգրիտ ու ժամանակի քննությունն անցած վերլուծություններով (Սարգսյան Մ․ և ուրիշ., 2010)։ Բայց ազատ ընտրություններով իշխանություն ձևավորելու ու խոսքի ազատության նշանակությունը Սարգսյանի համար դառնում է երկրորդական, երբ պարզվում է, որ այդ ազատությունները հնարավորություն են տալիս ժողովրդին հրաժարվել ԼՂ անկախությունից ու ընտրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցման ուղին։ Գտնվում են զանազան պատճառաբանություններ՝ թուրքերի ցեղասպան բնույթից մինչև նեոռեալիստական մտքեր, որոնք մատուցվում են՝ հիմնավորելու համար, որ հայ ժողովորդի միակ ուղին հակաթուրքական արգրեսիվ քաղաքականություն վարելն է, որ իբր թե ընտրության ոչ մի այլ տարբերակ չկա։

Հրայր Մանուկյան

Օգտագործված Գրականություն

Dunne, T., Kurki, M., & Smith, S. (Eds.). (2016). International relations theories: Discipline and diversity (Fourth edition). Oxford University Press.

Forde, S. (1992). Varieties of Realism: Thucydides and Machiavelli. The Journal of Politics, 54(2), 372–393. https://doi.org/10.2307/2132031

Korab-Karpowicz, W. J. (2023). Political Realism in International Relations. In E. N. Zalta & U. Nodelman (Eds.), The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2023). Metaphysics Research Lab, Stanford University. https://plato.stanford.edu/archives/win2023/entries/realism-intl-relations/

Lebow, R. N. (2022). International Relations Theory and the Ukrainian War. Analyse & Kritik, 44(1), 111–135. https://doi.org/10.1515/auk-2022-2021

Rousseau, J.-J. (1999). Discourse on political economy: And, the social contract (Translated with an Introduction and Notes by & Christopher Betts, Trans.). Oxford University Press.

Thucydides & Translator: Richard Crawley. (2003). The History of the Peloponnesian War. https://www.gutenberg.org/files/7142/7142-h/7142-h.htm

Саркисян, М. (2023, May 17). О международной политике замолвите слово. Aliq Media. https://www.aliqru.com/2023/05/17/69242/

Բուն TV (2020a, February 19). 15. Ուժերի հավասարակշռության դինամիկան. Մանվել Սարգսյան [Video recording]. https://www.youtube.com/watch?v=xBJbEy-szPU

Բուն TV (2020b, February 22). 16. Հայաստանը միջազգային հարաբերություններում | Մանվել Սարգսյան [Video recording]. https://www.youtube.com/watch?v=O-P8KDc64tY

Սարգսյան Մ․, Սարոյան Ս․, Ավթանդիլյան Ա․, & Վարդանյան Է․ (2010)։ Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում։ Ռազմավարական և Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոն։