Home / Վերլուծություն / Նեոռեալիզմը, դասական ռեալիզմը ու հայկական ռեալիզմը. մաս 1

Նեոռեալիզմը, դասական ռեալիզմը ու հայկական ռեալիզմը. մաս 1

Նեոռեալիզմը, դասական ռեալիզմը ու հայկական ռեալիզմը 

Մաս 1

Ամերիկացի մի քաղաքագետ՝ Ջոն Միրշայմերը, դեռևս 2014-ից շարունակաբար պնդում է, թե Ուկրաինայի ճգնաժամը «Արևմուտքի մեղքն է»։ Նա իր այդ պնդումը փորձում է հիմնավորել շատերի կողմից տեսություն համարվող նեոռեալիզմի դիրքերից, որի առանցքային դեմքերից մեկն էլ ինքն է։ Նեոռեալիզմը, ըստ Միրշայմերի, տեսություն է՝ 1) նկարագրական-բացատրողական իմաստով (descriptive theory), քանի որ նկարագրում ու բացատրում է, թե ինչպես են գերտերությունները իրենց պահում 2) հրահանգչական իմաստով (prescriptive theory), քանի որ թելադրում է, թե գերտերությունները ինչպես պետք է իրենց պահեն, որ կարողանան գոյատևել (Mearsheimer, 2001, p. 11): Այս էսսեյի առաջին մասում ցույց եմ տալիս, որ նեոռեալիզմը հակասական ու սխալ է ինչպես նկարագրական-բացատրողական, այնպես էլ՝ հրահանգչական իմաստով։ Պատահական չէ, որ նեոռեալիզմին հարող հայ փորձագետները ևս հակադիր մոտեցումներ ունեն,  ինչպես, օրինակ, Ուկրաինայի հարցում Միրշայմերի, իսկ ԼՂ հարցում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները հավանող Արման Գրիգորյանը և Տեր-Պետրոսյանի մոտեցումները մշտապես քննադատող Մանվել Սարգսյանը։ Այստեղ պնդում եմ, որ նեոռեալիզմը, իրականում, ոչ թե տեսություն է, այլ իմպերիալիզմն ու ագրեսիան արդարացնող գաղափարախոսություն և մարգարեություն (գուշակություն)։ Իսկ երկրորդ մասում կանդրադառնամ հայկական միջավայրում նեոռեալիզմի, ինչպես նաև դասական ռեալիզմի դրևորումներին։    

Նեոռեալիզմն ու դասական ռեալիզմը՝ ռեալիզմի այս երկու դրսևորումները, դոմինանտ էին անցած դարի երկրորդ կեսի ամերիկյան քաղաքագիտական ակադեմիական շրջանակներում (Dunne et al., 2016, p. 4; Specter, 2022a, p. 263)։ Այսօր, սակայն, ռեալիզմը, և՛ «դասական», և՛  «նեո» ճյուղավորումներով, այլևս դոմինանտ չէ արևմտյան ակադեմիայում, քանի որ հիմնական բավավեճերում լիբերալիզմն ու կոնստրուկտիվիզմը ռեալիզմից ոչ պակաս տեղ ունեն (Dunne et al., 2016, p. 6)։ Ընդ որում՝ եթե 1970-1980-ականներին ամերիկյան ակադեմիական բանավեճերում նեոռեալիզմն ավելի տարածված էր, քան դասական ռեալիզմը, այսօր ճիշտ հակառակն է, քանի որ ԽՍՀՄ փլուզման փաստը շատերին համոզեց, որ նեոռեալիզմը սխալ է (Dunne et al., 2016, p. 35)։    

Ինչ վերաբերում է քաղաքական-դիվանագիտական շրջանակներին, ապա, ռեալիզմի մոտեցումները այստեղ հավանաբար աննշան դեր են ունեցել, առնվազն՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քանի որ ԱՄՆ ղեկավարները անտեսել են ամենաառանցքային ռեալիստների մոտեցումները, չհաշված Հենրի Քիսինջերի պարագան (1923-2023), ով դասական ռեալիստ էր ու 1970-ականներին աշխատել է ԱՄՆ նախագահներ Ջերարդ Ֆորդի ու Ռիչարդ Նիքսոնի ադմինիստրացիաներում։ Օրինակ՝ ակադեմիայում ամենաազդեցիկ դասական ռեալիստներից Հանս Մորգենթաուն (1904-1980), ով Վիետնամում ԱՄՆ ներգրավվածության ամենաեռանդուն քննադատներից էր, իր այդ դիրքորոշման պատճառով նույնիսկ հայտվում է ԱՄՆ կառավարության թիրախում (Rösch, 2022, p. 210)։ Միրշայմերը 2001-ին գրում է, թե ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մշակողներն ու իրականացնողները՝ իսթեբլիշմենթը (The Establishment), խոսում են լիբերալիզմի լեզվով, բայց գործում ռեալիզմի տրամաբանությամբ (Mearsheimer, 2001, pp. 25–26)։ Սակայն վերջին տարիներին նա շարունակ դժգոհում է, որ ԱՄՆ իսթեբլիշմենթը գործում է լիբերալիզմի սկզբունքներով ու անտեսում ռեալիզմի մոտեցումները։ Վերջերս նա նման մի դժգոհություն է հայտնել նաև ռուս ֆաշիստ Ալեքսանդր Դուգինի[1] հետ համատեղ հարցազրույցում։

Այս էսսեյի նպատակն այն է, որ ընթերցողը հասկանա միջազգային հարաբերությունների հիմնական տեսություններից ռեալիզմի, որոշ չափով նաև՝ լիբերալիզմի ու կոնստրուկտիվիզմի հիմնարար տրամաբանությունները և տեսնի, թե ինչպես է ռեալիզմը՝ իր «նեո» և «դասական» ճյուղավորումներով, դրսևորվում հայկական քաղաքական ու փորձագիտական մտքում։ Ոմանց թվում է, թե տեսությունները նշանակություն չունեն «իրական կյանքում» և որ միջազգային հարաբերություններում մարդիկ կողմնորոշվում են ողջախոհության մասին իրենց պատկերացումներով, ինտուիցիայով կամ փորձով՝ առանց ձևակերպված տեսություններ իմանալու։ Այնուամենայնիվ, աշխարհի, պետությունների վարքի, ողջախոհության ու փորձից քաղած դասերի մասին ցանկացած պատկերացում նրանց արդեն իսկ տանում է տեսության դաշտ, և տեսությունները հասկանալը շատ է օգնում մեզ հասկանալ մարդկանց վարքն ու մոտեցումները։ 

1․ Թեև Միրշայմերը դատապարտում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, նրա հիմնադրած հարձակողական նեոռեալիզմը թելադրում է, որ ՆԱՏՕ-ն ավելի ագրեսիվ պետք է ընդլայնվեր։

Նեոռեալիզմի հիմնադիր համարվող Քենեթ Վալցի (1924-2013) նեոռեալիզմը «պաշտպանողական նեոռեալիզմ (defensive neorealism)» է։ Ըստ դրա՝  խելամտությունը թելադրում է, որ որևէ գերտերություն չպետք է շեշտակի ավելացնի իր (ռազմական) ուժի կշիռը (բաժինը) գերտերությունների ընդհանուր հզորությունների մեջ, հակառակ դեպքում մյուս գերտերությունները կմիավորվեն ու կջախջախեն արագ հզորացողին։ Ամեն մի գերտերություն, ըստ Վալցի, պետք է ավելացնի իր (բացարձակ) ուժը միայն այնքան, որ ուրիշների հետ հարաբերակցության մեջ շատ հետ չընկնի։ Միրշայմերն ինքը առաջարկել է ճիշտ հակառակ տրամաբանությունը։ Ըստ նրա, «գերտերությունները ձգտում են առավելագույնին հասցնել իրենց բաժինը համաշխարհային հզորության մեջ (great powers seek to maximize their share of world power)» (J. J. Mearsheimer, 2001, p. 29): 

«Նույնիսկ երբ գերտերությունը զգալի ռազմական առավելություն է ձեռք բերում իր մրցակիցների նկատմամբ, այն շարունակում է փնտրել նոր հնարավորություններ՝ ավելի շատ ուժ ձեռք բերելու համար։ Ուժը մեծացնելու ձգտումը դադարում է միայն այն ժամանակ, երբ համաշխարհային հեգեմոնիա է հաստատվում», – նշում է Միրշայմերը՝ հավելելով, որ «աշխարհում երբեք չի եղել համաշխարհային հեգեմոն և դժվար թե լինի առաջիկայում» (J. J. Mearsheimer, 2001, pp. 34, 41)։ Փոխարենը, ըստ նրա, ձևավորվում են տարածաշրջանային հեգեմոններ, ինչպես ԱՄՆ-ն՝ Արևմտյան կիսագնդում կամ ԽՍՀՄ-ը՝ Արևելյան Եվրոպայում ու Ասիայի մի մասում։   

Միրշայմերի նկարագրած այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է այն, որ ԱՄՆ-ն ձգտեր ընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի ռուսական ազդեցության նախկին գոտներ, որպեսզի թույլ չտար, որ Ռուսաստանը դառնա տարածաշրջանային հեգեմոն։ Մի կողմ թողնենք այն, որ հենց իրենք՝ Արևելյան Եվրոպայի երկրները, ռուսական հնարավոր հարձակումից իրենց պաշտպանելու համար մեծ ջանքեր են գործադրել ՆԱՏՕ և ԵՄ մտնելու համար, ու որ նույնն էլ Ուկրաինան էր փորձում անել։ Հարձակողական ռեալիզմը ԱՄՆ-ին թելադրում է մեծացնել իր ուժը, դաշնակիցներին ու «ազդեցության գոտիները»՝ Ռուսաստանի հաշվին կամ համեմատ։ 

Միրշայմերի մոտեցումների այս խորքային հակասությունը կարծես թե նոր է նկատվում ակադեմիական գրականությունում։ 

«Նրա [Միրշայմերի] «հարձակողական ռեալիզմի» տեսությունը ենթադրում է, որ գերտերությունների համար իրական անվտանգության հասնելու միակ ուղին ցանկացած այլ գերտերության՝ իր տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու [հեգեմոն դառնալու] հնարավորությունը կանխելն է։ Այդ իսկ պատճառով Միրշայմերն առաջարկում է արգրեսիվ քաղաքականություն վարել՝ Չինաստանին զսպելու և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա անվիճելի գերիշխանությանը դիմակայելու համար։ Ինչու է այս տեսությունը այլ հետևությունների հանգում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության առնչությամբ՝ պարզ չէ» (Specter, 2022a, p. 246)։ 

Կարող է հակափաստարկ բերվել, թե հակասություն չկա նրանում, որ նույն հեղինակը ԱՄՆ-ի համար կոշտ քաղաքականություն առաջարկի Չինաստանի նկատմամբ և միաժամանակ մեղադրի ԱՄՆ-ին՝ Ռուսաստանին  սադրելու մեջ։ Ովքեր համարում են, որ Չինաստանը ԱՄՆ-ի հիմնական մրցակիցը կամ հակառակորդն է, կարող են նաև մտածել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ ԱՄՆ-ն դրդում է Ռուսաստանին մերձենալ Չինաստանի հետ, ինչը ուժեղացնում է Չինաստանին։ Բայց սա պաշտպանողական նեոռեալիզմի, ոչ թե հարձակողական նեոռեալիզմի տրամաբանություն է։ Պաշտպանողական նեոռեալիզմն է, որ հրահանգում է ցանկացած գերտերության՝ նշանակալիորեն չմեծացնել իր ուժը, որ այլ գերտերությունները հանկարծ չմիավորվեն իր դեմ։ Միրշայմերի հիմնադրած հարձակողական նեոռեալիզմը դրա ճիշտ հակառակ տրամաբանությունն է թելադրում, ըստ որի գերտերությունները գոյատևելու համար  պետք է օգտվեն իրենց ուժը մեծացնելու ցանկացած հնարավորությունից։ Այս մոտեցումը Միրշայմերը հիմնավորում է մի քանի հանգամանքով։ Առաջին, գերտերությունները երբեք չեն կարող վստահ լինել, թե ինչ մտադրություններ կամ հնարավորություններ ունեն կամ կունենան այլ գերտերությունները, ուստի սեփական ուժը մեծացնելը ավելի հուսալի ռազմավարություն է (Mearsheimer, 2001, p.p. 35-40)։ Պրոյեկտելով այս տրամաբանությունը ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, ստացվում է, որ ԱՄՆ-ն չէր կարող վստահ լինել, որ Ռուսաստանը չի միանա Չինասատանին ընդդեմ ԱՄՆ-ի, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն չընդլայնվեր։ Երկրորդ, ըստ Միրշայմերի, գերտերությունները երբեմն գերադասում են կողքի քաշվել ու թողնել, որ այլ գերտերությունները բախվեն իրար (buck-passing, Mearsheimer, 2001, p.p. 155-159). Այսինքն՝ եթե նույնիսկ Ռուսաստանը չմիանա(ր) Չինաստանին, ապա կարող է(ր) կողքի քաշվել ու սպասել, որ ԱՄՆ-ն միայնակ կրի Չինաստանին զսպելու բեռը։ Երրորդ, ըստ Միրշայմերի, արագ հզորացող գերտերության դեմ այլ գերտերությունների միանալը («հավասարակշռելը») գործնականում հեշտ չէ, ուշանում է կամ նույնիսկ՝ ձախողվում, ինչպես որ ուշացավ Նապոլեոնյան Ֆրանսիայի ու Նացիստական Գերմանիայի դեմ «հավասարակշռելը», իսկ 19-րդ դարում ԱՄՆ-ի հզորացման դեմ գերտերությունները ընդհանրապես չմիավորվեցին (Mearsheimer, 2001, p.p. 156-162, 210, 167-277)։ Կարճ ասած՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Միրշայմերը իր իսկ հիմնադրած հարձակողական նեոռեալիզմի տեսակետից պետք է որ գովեր, ոչ թե քննադատեր։                         

Մեջբերեմ մեկ այլ հեղինակից, որը նկատել է ՆԱՏՕ-ի ընդլայնման առնչությամբ Միրշայմերի մոտեցումների խորքային հակասությունը։ 

«Հարձակողական նեոռեալիզմը ենթադրում է,  որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի շուտ ընդլայնվեր։ Եթե Ուկրաինան արդեն ունենար [ՆԱՏՕ-ի դաշնագրի] 5-րդ հոդվածի երաշխիքները[2], ապա Ղրիմը չէր բռնակցվի 2014 թվականին, և Ուկրաինան հարձակման չէր ենթարկվի 2022 թվականի սկզբին։ … Եթե ՆԱՏՕ-ն 2004-ին չընդլայնվեր և չընդունվեր 2008-ի Բուխարեստյան հռչակագիրը, որքանո՞վ է հնարավոր վստահ լինել, որ Ռուսաստանը չէր հարձակվի Վրաստանի և Ուկրաինայի վրա։

Ըստ Միրշայմերի՝ «Գերտերությունների քաղաքականության ողբերգությունը» գրքում շարադրված տրամաբանության, ո՛չ Բուխարեստյան գագաթնաժողովի հռչակագիրը, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման մասին որևէ հայտարարություն չպետք է նշանակություն ունենար Ռուսաստանի անվտանգային քաղաքականության համար/տեսակետից։ Մոսկվան արդեն պետք է հաշվի առած լիներ Ամերիկայի ընդլայնողական մտադրությունները՝ անկախ Վաշինգտոնի կողմից ուղարկված «բարեկամական» կամ «ագրեսիվ» ազդանշանների։ Նմանապես, զուտ ուժերի հավասարակշռության նկատառումներից ելնելով՝ կարող ենք ընդամենը հասկանալ, թե ինչու Ռուսաստանն ի վիճակի եղավ հարձակվել Ուկրաինայի վրա (քանի որ վերջապես բավականաչափ հզոր էր), մինչդեռ Միրշայմերի բացատրությունների հիմնական բովանդակությունը այն մասին է, թե ինչու Ռուսաստանը որոշեց հարձակվել (քանի որ Կիևում ենթադրյալ հեղաշրջումը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը նրան սադրել էին)» (Edinger, 2022, p. 1877)։  

Շեշտեմ, որ այնպես չէ, թե կարելի է անտեսել Միրշայմերի անձը (օրինակ, կարծել, որ նա ծախվել է Կրեմլին, ինչպես Չիկագոյի համալասարանի որոշ ուսանողներ են կասկածել (Edinger, 2022, p. 1873), կամ էլ կարծել, թե նա խելքը թռցրել է), ու համարել, որ իր գրած հարձակողական նեոռեալիզմը ճիշտ տեսություն է։ Նաև՝ այնպես չէ, թե հարձակողական նեոռեալիզմը սխալ տեսություն է, իսկ այ պաշտպանողական նեոռեալիզմը՝ ճիշտ։ Նեոռեալիզմը իր բոլոր դրսևորումներով անհեթեթություն է՝ լավագույն դեպքում։ Նեոռեալիզմի հենց հիմնարար տրամաբանությունն է հանգում տրամագծորեն տարբեր ու հակասական եզրակացությունների։ Հենց այդ հիմնարար տրամաբանությունը, ըստ որի միջազգային անարխիստական համակարգը ստիպում է պետություններին ինքնաօգնության ու ուժի քաղաքականություն վարել (self-help and power politics), մի կողմից թույլ է տալիս պնդել, թե տրված գերտերությունը չպե՛տք է ամեն մի հնարավորություն օգտագործի՝ ուրիշների հետ հարաբերակցության մեջ իր ուժը նշանակալիորեն ավելացնելու համար (պաշտպանողական նեոռեալիզմ), իսկ մյուս կողմից էլ՝ նույն համոզվածությամբ պնդել դրա ճիշտ հակառակը՝ այդ գերտերությունը պե՛տք է օգտագործի ամեն մի նման առիթ (հարձակողական նեոռեալիզմ)։ Սա հուշում է, որ հենց այդ հիմնարար տրամաբանությունն է առաջին հերթին սխալ՝ ինչպես նկարագրական-բացատրողական, այնպես էլ հրահանգչական իմաստով։ Նեոռեալիզմի սահմանած հիմնարար տերմիններն էլ են խնդրահարույց, ինչպես օրինակ` ուժը կամ բևեռայնությանը (power or polarity), որոնք, ինչպես ժամանակակից դասական ռեալիստներից Ռիչարդ Նեդ Լեբոուն է գրել, «այնքան անփույթ և պատահական են ձևակերպված, որ բաց են տրամագծորեն հակադիր մեկնաբանությունների համար» (Dunne et al., 2016, p. 34)։ Ըստ Լեբոուի, «նեոռեալիզմը ավելի նման է կրոնի, քան գիտության… որի գրավչությունը գալիս էր նրա ակնհայտ պարզությունից և գիտությանը մակերեսային նմանությունից» (Dunne et al., 2016, p. 35)։ Կարճ ասած՝ «նեոռեալիզմը գիտության պարոդիա է» (Dunne et al., 2016, p. 34): 

Բայց ես չեմ կարծում, թե նեոռեալիզմը ընդամենը ռեալիզմի որոշ սկզբունքներ համակարգելու ու գիտական տեսք տալու մի անմեղ կամ անվնաս մոլորություն է։  

3․ Նեոռեալիզմն իրականում առաջացել է 1880-1890-ականներին՝ որպես իմպերիալիզմը (կայսերականությունը) արդարացնող գաղափարախոսության մաս, և շարունակում է մնալ այդպիսին։ 

Ինտելեկտուալ պատմության (Intellectual history) մի քանի մասնագետներ վերջին տարիներին ցույց են տվել, որ ռեալիզմի (ներառյալ՝ նեոռեալիզմի) շատ մոտեցումներ ձևակերպվել են 1880-1890-ականներին։ Այդ մոտեցումները ռասիստական ու քաղաքակրթական գերակայության գաղափարների հետ միախառնված ծառայել են որպես «իմպերիայի գաղափարախոսական արդարացում» (Specter, 2022b, pp. 3, 9–12): 1920-ական թվականներին, սակայն, տարածվում է մի առասպել, ըստ որի ռեալիզմը որպես ակադեմիական դիսցիպլինա ծագել է «Առաջին համաշխարհային պատերազմի ավերակներից և ոչ թե 19-րդ դարի վերջի աշխարհաքաղաքականության, կայսերական և գաղութային կառավարման դիսկուրսում» (Rösch, 2022, p. 206; Specter, 2022a, p. 263)։

Ռուսաստանի պատմությունն ուսումնասիրած ու Կրեմլի գաղափարախոսական թեզերի հետ լրջորեն առնչված մասնագետները գրեթե միաձայն պնդում են, որ Ուկրաինայի վրա հարձակման գլխավոր պատճառը Ռուսաստանի իմպերիալիստական ձգտումներն են, ինչին հակառակ է Ուկրաինայի դեմոկրատացումը (Applebaum, 2024; Kotkin, 2024; FRONTLINE PBS, Official, 2023; Lebow, 2022, p. 129; Rösch, 2022, p. 211; Specter, 2022a, pp. 256–258; Stanford Alumni, 2022; Toal, 2017)։ Մասնագետների այդ ցանկը ներառում է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան (2012-2014), Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մաքֆոլին, Արևելյան Եվրոպայի ու Ռուսաստանի պատմության մեջ մասնագիտացած Թիմոթի Սնայդերին, մի շարք ազդեցիկ հանդեսներում (The Economist, The Washington Post, The Atlantic) աշխատած լրագրող, ավտորիտար ռեժիմների պատմության մեջ մասնագիտացած Էն Էփլբաումին, ով նաև Լեհաստանի գործող արտգործնախարարի կինն է, ինչպես նաև 2017-ին հրապարկված «Մերձավոր արտասահման. Պուտինը, Արևմուտքը և պայքարը Ուկրաինայի և Կովկասի շուրջ» ազդեցիկ գրքի հեղինակ Ջերարդ Թոալին։ Այս հեղինակները, հատկապես՝ Մաքֆոլը, Սնայդերը և Էփլբաումը, բավականին ազդեցիկ են ակադեմիական միջավայրից դուրս՝ հաճախակի խոսում են Արևմուտքի մեյնսթրիմ մեդիաներում, աշխատում Արևմտյան ազդեցիկ թինկթանկերի, ԱՄՆ կուսակցությունների ու կոնգրեսի հետ։ Իսկ Թոալը (2017) համոզիչ կերպով ցույց է տվել, որ Ռուսաստանը առաջնորդվում է ոչ թե գերտերություններին իբր բնորոշ ինչ-որ ունիվերսալ տրամաբանությամբ, այլ «պատմականորեն պայմանավորված և մշակութային առումով կառուցված (historically contingent and culturally constructed)» պատկերացումներով (Specter, 2022a, p. 254). Մաքֆոլը, Սնայդերն ու Էփլբաումը իրարից անկախ ու տարբեր տեսանկյուններից վերլուծություններ անելով՝ պնդում են, որ իրավական ու ԵՄ անդամ դառնալու իրատեսական հեռանկարով Ուկրաինան սպառնում է(ր) Կրեմլի ավտորիտար ռեժիմին, քանի որ Կրեմլը համարում է, որ ա) ուկրանացիները նույն ռուսներն են, իսկ բ) ռուսներին խորթ են դեմոկրատիան, իրավական պետությունը, մարդու իրավունքներն ու ժամամակակից արևմտյան արժեքները (Applebaum, 2024, FRONTLINE PBS, Official, 2023; Stanford Alumni, 2022)։ Իմ տպավորությամբ՝ 2022-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման այս բացատրությունը ամենատարածվածն է ինչպես Արևմտյան իսթեբլիշմենթում ու ակադեմիայում, այլնպես էլ քաղաքականապես ակտիվ հանրության մոտ։ 

Միրշայմերը շարունակ պնդում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «դարձնում է (պրո-ամերիկյան) լիբերալ դեմոկրատիա» (Chotiner, 2022): Հարցազրույցներից մեկում լրագրողը մատնանշում է, որ ուկրանացիներն իրենք են ցանկացել դառնալ լիբերալ դեմոկրատիա ու մտնել ԵՄ, և որ Ռուսաստանի կողմից ուկրանացիներին ասելը, թե դուք չպետք է դա անեք, «մի տեսակ իմպերիալիզմի է նման (seem like almost some sort of imperialism)»։ «Դա [Ռուսաստանի կողմից ուկրանացիներին ասելը, թե դուք չպետք է դառնաք լիբերալ դեմոկրատիա ու մտնեք ԵՄ] ոչ թե իմպերիալիզմ է, այլ գերտերությունների քաղաքականություն (great-power politics)»,- արձագանքել է Միրշայմերը (Chotiner, 2022)։ Այս երկխոսությունում  Միրշայմերը փաստացի մատնում է իր մոտեցումների ու տեսության իմպերիալիստական բնույթը, երբ որ նա, նույնացնելով իմպերիալիմը գերտերությունների քաղաքականության հետ, համարում է, թե գերտերությունների այդ քաղաքականությունը (որը սովորաբար իմպերիալիզմ է համարվում) նորմալ երևույթ է և որ իբր թե այդպես եղել է, կա ու պետք է լինի (Specter, 2022a, pp. 261–262)։ 

Իմպերիալիզմը, ըստ որի գերտերություններն են որոշում և պետք է որոշեն, թե փոքր կամ թույլ ազգերն ինչպիսի պետություն ունենան, նեոռեալիզմի անբաժանելի մասն է։ Պատահական չէ, որ ո՛չ Վալցը, ո՛չ էլ Միրշայմերը իրենց գրքերում չեն անդրադարձել փոքր պետություններին։ Միրշայմերը ուղիղ ասում է, որ փոքր պետությունների ճակատագիրը «որոշվում է առավել մեծ կարողություններ ունեցողների որոշումներով և գործողություններով» (J. J. Mearsheimer, 2001, p. 5)։ Վալցը ևս այդ կարծիքին է՝ մի բացառությամբ։ Ըստ Վալցի, եթե փոքր պետությունները մեկուսացված են «համակարգի գերտերությունների միջամտությունից՝ լինի դա վերջիններիս հարաբերական անտարբերության, թե հաղորդակցության և փոխադրամիջոցների հետ կապված դժվարությունների (difficulties of communication and transportation) պատճառով», ապա նեոռեալիզմը կիրառելի կարող է լինել նաև փոքր պետությունների համար (Waltz, 1979, p. 73)։ Բայց քանի որ գործնականում աշխարհում շատ քիչ փոքր պետություններ կան, որոնք մեկուսացած են գերտերություններից, նեոռեալիզմը, ըստ նրա հեղինակների, կիրառելի չէ փոքր պետութունների գերակշիռ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար՝ ո՛չ որպես նկարագրական-բացատրական տեսություն, ո՛չ էլ որպես արտաքին քաղաքականության մշակման համար օգտակար տեսություն։ Այս տեսակետից խիստ տարօրինակ է, որ հայ փորձագետների զգալի մասը փորձում են Հայաստանին առնչվող հարցերը դիտարկել նեոռեալիզմի դիրքերից։ Այդ հարցին կանդրադառնամ այս էսսեյի երկրորդ մասում։ 

4․ Նեոռեալիզմի ամենակարևոր պնդումը, թե անարխիկ կառուցվածքը թելադրում է որ գերտերությունները միմյանց մշտապես դիտարկեն որպես պոտենցիալ հակառակորդներ, սխալ է ինչպես զուտ տրամաբանական տեսակետից, այնպես էլ հեշտությամբ հերքվում է էմպիրիկ փաստերով։ 

Եթե նեոռեալիզմը լուրջ ընդունենք, պետք է հավատանք, որ այսօր Գերմանիան ու Ֆրանսիան զինվում են իրար դեմ ինչպես 19-րդ դարում էր, ԱՄՆ-ն զորքով ներխուժելու է Կանադա և Մեքսիկա և այլն։ Հավատալ, իհարկե, կարելի է, ինչպես որ Միրշայմերն է հավատում, թե Ֆրանսիան ու Բրիտանիան այսօր էլ վախենում են Գերմանիայից (Mearsheimer, 2001, p. 2), բայց, մեղմ ասած, ոչ մի հիմնավոր փաստ կամ նշան չկա դրա համար։ Փոխարենը՝ փաստերը ցույց են տալիս, որ Գերմանիան կշարունակեր իր ռազմական ծախսերը նվազգույնի վրա պահել (ՀՆԱ շուրջ 1-1,3%), եթե Ռուսաստանը 2022-ին չհարձակվեր Ուկրաինայի վրա։ Այսպես, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2014-ին գրավեց Ղրիմը, 2016-2020-ին ԱՄՆ նախագահ Թրամպը խիստ քննադատեց Գերմանիային՝ ցածր ռազմական ծախսերի (ՀՆԱ 2%-ից պակաս) համար, իսկ Գերմանիայի՝ այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, թե Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վրա, Գերմանիան շարունակում էր ցածր ռազմական ծախսերի քաղաքականությունը, քանի դեռ 2022-ի հարձակումով Ռուսաստանը վերջապես չընկալվեց որպես իրական վտանգ Եվրոպայի համար։ Այս փաստերը հերքում են նեոռեալիզմը, քանի որ ըստ նեոռեալիզմի, Գերմանիան միշտ էլ վախեցել է ու պետք վախենար ուրիշ գերտերություններից ու զինվեր նրանց դեմ, հենց որ դրա հնարավորությունն ունենար (ասենք՝ Թրամպի 2016-2020թթ նախագահության տարիներին), որովհետև Գերմանիան, ըստ նեոռեալիզմի, պետք է համարեր, որ բոլոր գերտերություններն էլ, անկախ ռեժիմի տեսակից, իրենց պահել, պահում ու պետք է պահեն այնպես, ինչպես նացիստական Գերմանիան կամ ֆաշիստական Ռուսաստանն են իրենց պահել/պահում։       

Իհարկե, եթե Արևմունքի պետություններում իշխանության գան ֆաշիստներ ու նացիստներ, այդ պետությունները ևս իրենց կպահեն այսօրվա Ռուսաստանի նման ու կներխուժեն հարևան՝ հատկապես փոքր երկրներ։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Թրամպը, որն ավտորիտար ազգայնական հակումներ ունի, վերջերս հայտարարել է, թե Կանադան կարող է դառնալ ԱՄՆ նահագներից մեկը և որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Գրենլանդիայով։ Բայց նույնիսկ եթե նման պատերազմներ ու ներխուժումներ լինեն[3], դա չի նշանակի, թե նեոռեալիզմը ճիշտ է, որովհետև ըստ նեոռեալիզմի, պետությունների ագրեսիվ կամ գիշատչային վարքագիծը ոչ թե նրանց ռեժիմի (դեմոկրատական, ֆաշիստական, ավտորիտար) առանձնահատկությունների հետևանք է, այլ միջազգային անարխիկ կառուցվածքի։ Այնպես որ, եթե Արևմուտքում հայտնվեն ֆաշիստական ռեժիմներ, որոնք միմյանց կդիտարկեն պոտենցիալ թշնամիներ, դա կհաստատի միջազգային հարաբերությունների լիբերալ տեսության ճշմարտացիությունը, ըստ որի դեմոկրատական երկրները հակված չեն պատերազմել միմյանց դեմ։ Ըստ այդ տեսության՝ փոխադարձ առևտրի մեծ ծավալներ ունեցող երկրները ևս հակված չեն պատերազմել միմյանց դեմ։ 

Որ դեմոկրատական ու փոխադարձ առևտրի մեծ ծավալներ ունեցող պետությունները հակված չեն իրար դեմ պատերազմելու, հաստատվում է նաև քանակական հետազոտություններով։ 1885-2001թթ աշխարհի բոլոր երկրները խմբավորվել են ըստ զույգերի (Գերմանիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա, և այլ)։ Մոտ կես միլիոն նման զույգեր են կազմել, արձանագրվել է նրանց ներքին կարգն ու փոխադարձ առևտրի ծավալները։ Պարզվել է, որ այն զույգերը, երբ երկու պետություններն էլ դեմոկրատական են, կամ երբ որ փոխադարձ առևտրի ծավալները մեծ են, շատ ավելի քիչ են պատերազմել, քան մյուս զույգերը (Dunne et al., 2016, pp. 73–83)։ 

Բանն այն է, որ ներպետական դեմոկրատական կարգերը ձևավորում են ներքաղաքական խնդիրները առանց բռնության ու կոմպրոմիսներով լուծելու պատկերացումներ ու կարողություններ, ինչը քաղաքացիները պրոյեկտում են նաև արտաքին քաղաքական հարցերի վրա։ Դեմոկրատական երկրների ղեկավարները պատերազմելուց ստիպված են հիմնավորումներ ու հաշվետվություն տալ այն քաղաքացիներին, որոնք համարում են, որ հարցերը կարելի է լուծել կոմպրոմիսներով ու առանց բռնության։ Արդյունքում պատերազմներն արդարացնելը շատ է բարդանում դեմոկրատական երկրների ղեկավարների համար, որոնք կարող են հեռացվել իշխանությունից ընտրություններով (ի տարբերություն ավտորիտար երկրների ղեկավարների)։ 

Զուտ տրամաբանական հարթությունում նեոռեալիզմի դեմ ուժեղ փաստարկ է առաջարկել միջազգային հարաբերությունների կոնստրուկտիվիզմի տեսությունը։ Ըստ կոնստրուկտիվիզմի, եթե նույնիսկ միջազգային հարաբերությունների նեոլիբերալ կոչվող տեսությանը հակառակ ընդունենք, որ միջազգային համակարգի անարխիստական կառուցվածը հնարավոր չէ փոխել և որ միջազգային կառույցները (ՄԱԿ, ԵՄ, ԱՀԿ և այլն) որևէ նշանակություն չունեն, ապա միևնույնն է, դա չի նշանակում, թե պետությունները անպայման միմյանց դիտարկելու են որպես պոտենցիալ թշնամիներ, ինչպես ենթադրում է նեոռեալիզմը։ Սա ցույց տալու համար Ալեքսանդր Վենդտը՝ կոնստրուկտիվիզմի առանցքային դեմքերից մեկը, առաջարկում է հետևյալ մտային փորձը։ «Կենթադրե՞նք արդյոք նախապես (ապրիորի), որ մեզ վրա հարձակվելու են, եթե երբևէ կապ հաստատենք այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչների հետ» (Wendt, 1992, p. 405): Ըստ նրա, նման պարագայում մենք զգոն կլինենք, բայց միանգամից չենք ենթադրի, թե այլմոլորակայինները հարձակվելու են։ Փոխարենը մենք նախ և առաջ կգնահատենք ու կմեկնաբանենք այլմոլորակայինների ժեստերն ու քայլերը։ Մինչ այդ, սակայն, մենք ոչ մի հիմք չունենք ենթադրելու, թե այլմոլորակայինները  կհարձակվեն մեզ վրա, ինչ է թե չկա տիեզերական գերագույն մարմին, որին կարելի է դիմել (նույնն է թե՝ տիեզերքը անարխիստական կառուցվածք ունի)։ Իհարկե, նման հարձակումը ևս հնարավոր կհամարենք, բայց այդ վատագույն սցենարի հավանականությունը չմեծացնելու համար մենք հակված չենք լինի միանգամից մեր զենքերն ուղղել այլմոլորակայինների վրա՝ հասկանալով, որ նման ոչ բարեկամական ժեստով իրենց մոտ կարող ենք թշնամական վերաբերմունք ձևավորել ու մեզ անհարկի դնել հարվածի տակ։ Նմանապես, ըստ կոնստրուկտիվիզմի, միջազգային հարաբերություններում հենց հաղորդակցության գործընթացն է, որ կառուցում է ազգերի ինքնությունները, շահերը ու թելադրում, թե անարխիտական կառուցվածքում պետությունները ինչպես վերաբերվեն միմյանց։ 

«Ես պնդում եմ, որ ինքնօգնությունն ու ուժի քաղաքականությունը (self-help and power politics) ոչ տրամաբանորեն, ոչ էլ պատճառահետևանքային կապով չեն բխում անարխիայից։ Եթե այսօր մենք հայտնվել ենք ինքնօգնության աշխարհում, ապա դա պայմանավորված է գործընթացներով և ոչ թե կառուցվածքով։ Չկա անարխիայի «տրամաբանություն»՝ այն գործընթացներից դուրս, որոնք ստեղծում և հաստատում են ինքնության ու շահերի մի տեսակի կառուցվածքը՝ մեկ այլի փոխարեն։ Գործընթացից դուրս գտնվող ու ինչ-որ պատճառահետևանքային ուժ ունեցող կառուցվածք գոյություն չունի։ Ինքնօգնությունն ու ուժային քաղաքականությունը ինստիտուտներ են, և ոչ թե անարխիայի էական հատկանիշներ։ Անարխիան այն է, ինչ պետությունները դրանից սարքում են» (Wendt, 1992, p. 395, ընդգծումն իմն է)։  

  1. Նեոռեալիզմը ինքնիրականացվող գուշակություն (self-fulfilling prophecy) ու ագրեսիան արդարացնող գաղափարախոսություն է։ 

Որ նեոռեալիզմը ինքնիրականացվող մարգարեություն՝ գուշակություն է, կարելի է ցույց տալ, օրինակ, հետևյալ կերպ։ Դեմոկրատական երկրներում ներքաղաքական հարցերը լուծվում են առանց բռնությունների, իսկ քաղաքացիները սովորաբար համարում են, որ արտաքին  խնդիրներն էլ հնարավոր է (թեև միշտ չէ, որ հաջողվում է) նույն կերպ կարգավորել։ Նեոռեալիզմը այսպիսի պատկերացումներով քաղաքացիներին ասում է, թե ներքինն ու արտաքինը ամբողջությամբ առանձին ոլորտներ են, արտաքինում հնարավոր չէ առաջնորդվել այն սկզբունքներով (այդ թվում՝ բարոյական), որով որ առաջնորդվում են դեմոկրատական երկրների ներսում։ Եթե նեոռեալիզմը հաջողացնի համոզել դեմոկրատական երկրների քաղաքացիների մեծամասնությանը, ապա այդ մարդիկ պատերազմները կհամարեն նորմալ և անխուսափելի երևույթ։ Արդյունքում դեմոկրատական երկրների ղեկավարները հեշտությամբ կկարողանան արդարացնել պատերազմներն իրենց ընտրողների առաջ, պատերազմները կդառնան հաճախակի, ու միջազգային անարխիստական համակարգը կնմանվի նրան, ինչը նկարագրում են նեոռեալիստները։  

Եթե մարդիկ նեոռեալիզմը համարեն ճշմարիտ, հնարավոր չի լինի երբևէ որևէ պետության մեղադրել ագրեսիայի մեջ։ Նեոռեալիզմը միշտ հնարավորություն է տալիս մատնանշել մի որևէ տրամաբանություն, որ ագրեսիվ երկրները արդարացվեն։ Օրինակ՝ Ռուսաստանը նախահարձակ եղավ Ուկրաինայի վրա, որովհետև վախեցավ, որ ՆԱՏՕ-ն կհարձակվի իր վրա Ուկրաինայից։ Գերմանիան սկսեց երկրորդ համաշխարհայինը, ոչ թե այն պատճառով, որ նացիստական ու ռասիսատական ռեժիմ էր, այլ որովհետև դա գերտերությունների նորմալ վարքագիծ է։ Ավելին, նեոռեալիզմի վնասը՝ պատերազմներն ու ագրեսորներին հեշտությամբ արդարացնելը, միայն այդքանով չի սահմանափակվի։ Եթե դեմոկրատական երկրների քաղաքացիների մեծամասնությունը համարի, որ այլ երկրների քաղաքացիների իրավունքների խախտումները անխուսափելի են և ոչինչ հնարավոր չէ անել, ապա այդ դեմոկրատական երկրների ներսում կգտնվեն ազդեցիկ խմբեր, որոնք կկարողանան ներքաղաքական հարցերն էլ բռնությամբ լուծել։ Ներքին ու արտաքին քաղաքականությունների կապին կանդրադառնամ այս էսսեյի երկրորդ մասում։ 

Ամփոփելով այս էսսեի առաջին մասը՝ նշեմ, որ նեոռեալիզմի դեմ շատ այլ համոզիչ փաստարկներ էլ են բերվել, ինչպես, օրինակ, այն, որ միջազգային հարաբերություններում առանցքային նշանակություն ունեցող ճանաչման բարոյական նորմը հակառակ է նեոռեալիզմի տրամաբանությանը կամ որ իրականում պետությունները հաստատուն ու միանման ձևով մտածող սուբյեկտ չեն՝ տասնամյակների կտրվածքով, ինչպես որ նեոռեալիզմն է ներկայացնում։ Այն, որ  չնայած բազմաթիվ հակասական ու սխալ պնդումների, նեոռեալիզմը դեռևս որոշակի ուշադրություն է գրավում ակադեմիայում ու մեդիայում, ի թիվս այլ հանգամանքների կարող է բացատրվել նրանով, որ նեոռեալիզմը իմպերիալիզմն ու ագրեսիան արդարացնող գաղափարախոսություն ու գուշակություն է, ոչ թե ինչ-որ ունիվերսալ օրենքներ բացահայտած տեսություն, ինչպես ներկայացնում են նրա կողմնակիցները։ Ընդհանրապես, այդ անհեթեթությանը՝ նեոռեալիզմին, չարժեր անդրադառնալ, եթե այն չունենար հավանողներ հայկական փորձագիտական միջավայրում։ Շեշտեմ նաև, որ ի տարբերություն նեոռեալիզմի, դասական ռեալիզմը ավելի լուրջ տեսություն է և դժվար է այնպիսի հեշտությամբ հերքելը, ինչպես նեոռեալիզմն է հերքվում։ Դասական ռեալիզմին, հայկական միջավայրում դրա և նեոռեալիզմի դրսևորումներին կանդրադառնամ այս էսսեյի երկրորդ մասում։ 

Հրայր Մանուկյան
Ուտրեխտի համալարանի քաղաքական փիլիսոփայության դոկտորանտուրայի ուսանող, Ամստերդամի համալսարանի քաղաքագիտության ու փիլիսոփայության մագիստրոս

—————————

Ծանոթագրություններ

[1] Դուգինին ֆաշիստ են որակել ԱՄՆ պետդեպարտամենտը, The Guardian-ը, The New York Times-ը, ինչպես նաև Արևմուտքի բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, հետազոտողներ ու թինկթանկեր (think-thanks)։

[2] Ըստ ՆԱՏՕ-ի դաշնագրի 5-րդ հոդվածի, հարձակումը ՆԱՏՕ-ի որևէ մի երկրի նկատմամբ համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր երկրների նկատմամբ, ուստի ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պարտավորվում են օգնել հարձակման ենթարկված երկրին։

[3] ԱՄՆ-ն իր պատմության մեջ երբեք չի պատերազմել որևէ դեմոկրատական երկրի դեմ, թեև պատերազմելու ու տարածք նվաճելու հնարավորություն ունեցել է (Stanford Alumni, 2022)։

Օգտագործված գրականություն

Applebaum, A. (2024). Autocracy, Inc: The Dictators Who Want to Run the World.

Chotiner, I. (2022, March 1). Why John Mearsheimer Blames the U.S. for the Crisis in Ukraine. The New Yorker. https://www.newyorker.com/news/q-and-a/why-john-mearsheimer-blames-the-us-for-the-crisis-in-ukraine

Dunne, T., Kurki, M., & Smith, S. (Eds.). (2016). International relations theories: Discipline and diversity (Fourth edition). Oxford University Press.

Edinger, H. (2022). Offensive ideas: Structural realism, classical realism and Putin’s war on Ukraine. International Affairs, 98(6), 1873–1893. https://doi.org/10.1093/ia/iiac217

FRONTLINE PBS, Official (Director). (2023, February 20). Putin and the Presidents: Timothy Snyder (interview) | FRONTLINE [Video recording]. https://www.youtube.com/watch?v=um-SEQDQidM

Korab-Karpowicz, W. J. (2023). Political Realism in International Relations. In E. N. Zalta & U. Nodelman (Eds.), The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2023). Metaphysics Research Lab, Stanford University. https://plato.stanford.edu/archives/win2023/entries/realism-intl-relations/

Kotkin, S. (2024, April 18). Stephen Kotkin: The Five Futures of Russia. https://www.foreignaffairs.com/russian-federation/five-futures-russia-stephen-kotkin

Lebow, R. N. (2022). International Relations Theory and the Ukrainian War. Analyse & Kritik, 44(1), 111–135. https://doi.org/10.1515/auk-2022-2021

Mearsheimer, J. (2014, August 18). Why the Ukraine Crisis Is the West’s Fault | Foreign Affairs. https://www.foreignaffairs.com/articles/russia-fsu/2014-08-18/why-ukraine-crisis-west-s-fault

Mearsheimer, J. (2022). John Mearsheimer on why the West is principally responsible for the Ukrainian crisis. The Economist. https://www.economist.com/by-invitation/2022/03/11/john-mearsheimer-on-why-the-west-is-principally-responsible-for-the-ukrainian-crisis

Mearsheimer, J. J. (2001). The tragedy of Great Power politics. Norton.

Rösch, F. (2022). Realism, the War in the Ukraine, and the Limits of Diplomacy. Analyse & Kritik, 44(2), 201–218. https://doi.org/10.1515/auk-2022-2030

Specter, M. (2022a). Realism after Ukraine: A Critique of Geopolitical Reason from Monroe to Mearsheimer. Analyse & Kritik, 44(2), 243–267. https://doi.org/10.1515/auk-2022-2033

Specter, M. (2022b). The Atlantic Realists: Empire and International Political Thought Between Germany and the United States. Stanford University Press.

Stanford Alumni (Director). (2022, November 22). Explaining the Causes and Consequences of Putin’s Invasion of Ukraine with Mike McFaul [Video recording]. https://www.youtube.com/watch?v=Wbzf0ix2G5I

The University of Chicago (Director). (2015, September 25). Why is Ukraine the West’s Fault? Featuring John Mearsheimer [Video recording]. https://www.youtube.com/watch?v=JrMiSQAGOS4

Toal, G. (2017). Near Abroad: Putin, the West and the Contest over Ukraine and the Caucasus (Illustrated edition). Oxford University Press.

Waltz, K. N. (1979). Theory of international politics. Addison-Wesley Pub. Co.

Wendt, A. (1992). Anarchy is what States Make of it: The Social Construction of Power Politics. International Organization, 46(2), 391–425.