«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանը կպարտավորեցնի դատախազությանը ԱԱԾ նախկին աշխատակից Վլադիմիր Հակոբյանի (լուսանկարում) դեմ քրեական գործ հարուցել։ Երեկ Վճռաբեկը քննության է առել Հրայր Մանուկյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ և վճռել է բավարարել այն՝ բեկանելով Վերաքննիչի որոշումը: Հրայր Մանուկյանը պահանջում էր Հակոբյանի դեմ քրգործ հարուցել, քանի որ վերջին իրեն հավաքագրելու փորձ է արել ու սպառնացել, մինչդեռ ստորին ատյանի դատարանները մերժել էին նրա բողոքը։
Epress.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ռևազյանը նշել է, որ դատարանի ամբողջական որոշումը դեռ չի ստացել և ստանալուց հետո միայն կարող է մանրամասներ հայտնել։ Նա, սակայն, կարծիք է հայտնել, որ Վճռաբեկ դատարանը նման որոշում է կայացրել, որովհետև դատախազությունը անգործության էր մատնվել և սխալ թույլ տվել․ «Եթե առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա դատախազությունը անպայման պետք է որոշում կայացնի, նույնիսկ, եթե մերժում է քրեական գործ հարուցելը, ապա դա պետք է լինի որոշման տեսքով, ոչ թե գրության տեսքով։ Տվյալ դեպքում դատախազությունը անգործության էր մատնվել և նույնիսկ որոշում չէր կայացրել ու գրությունով էր պատասխանել։ Ես կարծում եմ, որ դատարանը կպարտավորեցնի, որ քրեական գործ հարուցվի»։
Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսի 8-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյան ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որտեղ նշել է, որ Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, առաջարկել է իրեն համագործակցել ԱԱԾ-ի հետ։
Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում Մանուկյանին։
Հրայր Մանուկյանը դատախազությանն էր ներկայացրել հիշյալ զրույցի վերաբերյալ ձայնագրությունը, սակայն դատախազությունից Մանուկյանին գրությամբ տեղեկացրել էին, որ հաղորդումը հանցագործության հատկանիշներ չի պարունակում:
Դատախազության անգործության դեմ բողոքները Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից մերժվելուց հետո բողոք էր ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան:
Նշենք նաև, որ Հրայր Մանուկյանին հավաքագրել ցանկացող ԱԱԾ աշխատակիցը հետագայում նշանակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ։