Home / Ազգային ժողով / «Հերոսի» կոչումը քիչ է. բոյկոտ եկամուտների հայտարարագրին

«Հերոսի» կոչումը քիչ է. բոյկոտ եկամուտների հայտարարագրին

Մինչև մայիսի 1-ը Հայաստանի աշխատող ֆիզանձինք ևս՝ մոտ 700 000 մարդ, պետք է եկամուտների հայտարարագրեր ներկայացնեն և վճարեն չհարկված հասույթների համար։

Պետեկամուտների կոմիտեն միայն հունվարին է սկսել իրազեկել օրենքի մանրամասների մասին և հարուցել հանրային զայրույթ. օնլայն համակարգը խրթին է, ծախսատար, պահանջում է մասնագետների օգնություն, բյուրոկրատական քաշքշուք։ Բայց ամենամեծ դժգոհության պատճառը հայտարարագրման նպատակն է. Ֆիննախն ուզում է «լավ ճանաչել» քաղաքացիներին, իմանալ նրանց եկամուտները և հարկել ամեն գործարք՝ վերաբերվելով մարդկանց հարկերից խոսափող կոռուպցիոներների պես։ Gallup-ի սոցհարցումների համաձայն՝ աշխատողների 50%-ը պատրաստվում է բոյկոտել համընդհանուր հայտարարագրումը։

Պետությունը առարկայական ոչինչ չի խոստանում այս գլխացավանքի դիմաց՝ խրախուսական գովքից բացի։ Հարկ վճարելը սուրբ պարտականություն է, հարկ վճարողը համար մեկ հերոսն է՝ հայտարարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ֆիննախարար Վահե Հովհաննիսյանը։

Թե ինչն է պետք հայտարարագրել և ինչ հետևանքներ է դա ունենալու՝ ՊԵԿ-ը բացատրել է միայն հունվարին։ Բայց իրազեկման թերթիկները հակասում են միմյանց, էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնելու կարգն էլ անընդհատ փոփոխվում է։

Բողոքների ֆոնին հընթացս որոշ զիջումներ արվեցին։ Օրինակ՝

— ՊԵԿ-ը հունվարին հայտարարեց, որ մինչև 300.000 դրամ անհատական փոխանցումները կարելի է չհայտարարգրել։
— Էլեկտրոնային ստորագրության ԷԿԵՆԳ (Ekeng) համակարգը հանեց 3000 դրամ տարեկան վճարը։
— Խոստացան խոպանչիների համար ստորին շեմ սահմանել․ հայտարարագրումը պարտադիր կլինի

բարձր եկամուտներ ունեցող արտագա աշխատողների դեպքում։

Ով է հայտարարագրելու եկամուտները և վճարելու նոր հարկեր

Եկամուտների մասին հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր ՀՀ աշխատող քաղաքացիները, ովքեր Հայաստանում ռեզիդենտ են։ Ըստ ՊԵԿ-ի սահմանման՝ անձը ռեզիդենտ է, եթե Հայաստանում է ապրում տարվա ընթացքում առնվազն 183 օր կամ եթե նրա «կենսական շահերի կենտրոնը» Հայաստանում է, այսինքն՝ ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը Հայաստանն է։ Այսինքն, հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև արտերկրում սեզոնային աշխատողները։

Եկամուտները հայտարարագրելու պարտականություն ունեն նաև արտերկում աշխատող հայաստանցիները, այդ թվում՝ ֆրիլանսերները։ Դրույքաչափը որոշվում է ըստ նրա, թե որ երկրում է անձը ծառայություն մատուցում։ Եթե անձը ծառայությունների մատուցման երկրում 20 տոկոսից քիչ եկամտահարկ է վճարել, Հայաստանում նրանցից գանձելու են տարբերոթյունը։ Օրինակ, եթե անձը հեռակա աշխատում է Գերմանիայում և այնտեղ վճարել է 14 տոկոս հարկ, ապա Հայաստանում պետք է վճարվի հայկական եկամտահարկի (20 տոկոս) հետ տարբերության չափով, այսինքն՝ վեց տոկոս եկամտահարկ։ Սա ամենաբարդ պահերից է, որովհետև ֆրիլանսերներին ստիպելու է նաև բյուրոկրատիական քաշքշուքի մեջ մտնել արտերկրի հարկային մարմինների հետ։

Համընդհանուր հայտարարագրի նպատակներից է նաև գույքից ստացված եկամուտները հարկելը։ Գույքի վաճառքից, վարձակալությունից ստացած եկամուտը ևս պետք է հայտարարագրվի։ Բնակարանը վարձով տալուց պետք է վճարել 10 տոկոս եկամտահարկ։

Կառավարությունը, փաստորեն, ուզում է իմանալ մեր բոլոր գործարքների մասին։ Ինֆորմացիա հավաքելու են «բարի նպատակներով»՝ օրինակ, սոցօգնությունը ավելի թիրախային դարձնելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստին հայտարարել է՝ հարուստներին գուցե արժի զրկել պետպատվերով ծառայություններից և սոցփաթեթներ տալ միայն աղքատներին։

Բայց հայտարարագրումով «բացահայտված» հարկերից վերադարձ կարող են ստանալ մասնավոր առողջապահական ապահովագրական ընկերություններից և վճարովի կրթական ծառայություններից օգտվողները, ոչ թե անապահով խավը՝ նրանք, ովքեր հաճախում են հանրային դպրոցներ և բուժվում իրենց հաշվին։

Այսինքն սա նույնքան «սոցիալական» ծրագիր է, որքան Հիփոթեկային վարկով եկամտահարկի վերադարձի ծրագիրը, որով տուն գնեցին միայն բարձր եկամուտներ ունեցողները։ Հիփոթեկային վարկի ծրագրից օգտվողներին պետությունը վերադարձրել է 68 միլիարդ դրամ միայն 2024 թվականին։

«Սա առաջին քայլն է, բայց շատ փնթի են կազմակերպել։ Հետագայում պիտի հայտարարագրեն նաև ծախսերը։ Օրինակ՝ եթե մարդը աշխատում է, ու պահում է հինգհոգանոց ընտանիք, պիտի դա հաշվի առնվի։ Պիտի լինի եկամուտի շեմ, որը չի հարկվում։ Սա ժամանակի հետ կլինի։ Բայց հիմա ամենավտանգավորն էն է, որ պետությունը կարող է ընտրովի տուգանել»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Երկրներում, որտեղ տնտեսական հարաբերությունների մեծ մասը ոչ ֆորմալ է, համընդհանուր հայտագրման մեխանիմզները հեշտ չեն ընդունվել։ Հնդկաստանում (2016), Պակիստանում (2018), Զիմբաբվեում (2019) կառավարությունները ստիպված եղան գնալ զիջումների, հարկային համաներում խոստանալ, կրճատել տուգանքները, երկարացնել դեդլայնները, հաշվարկել ոչ միայն եկամուտները այլև ծախսերը՝ անհնազանդությունները ճնշելու և աղքատ գյուղացիությանը և ոչ ֆորմալ աշխատողներին հարկային դաշտ բերելու համար։