Այսօր ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը մերժել է ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Խաչիկ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով դիմումը:
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության երթի ժամանակ, Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու և իր հետ «Դուք»-ով խոսելու պահանջներին ի պատասխան` ոստիկանության գնդապետ, ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր «Չես կարա պահանջես… Հեսա կդաստիարակեմ, կիմանաս»:
Իոաննիսյանը նշում է, որ թեև ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ «ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը…», ոստիկանության ղեկավարույթունում գտնում են, որ պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Ավետիսյանը օրենք չի խախտել:
«Ոստիկանության այս որոշումը անպայման կբողոքարկվի: Բացի դա, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ ընդունեց Դ. Իոաննիսյանի հայցադիմումը ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին:
Այսպիսով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյո՞ք քաղաքացու հետ հարկավոր է ուղիղ և փոխաբերական իմաստներով «Դուք»-ով խոսել (ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը), և արդյո՞ք քաղաքացին հնարավորություն ունի իր այդ իրավունքը պաշտանելու, թե ոչ», – նշում է Իոաննիսյանը:
Տեսանյութում` Ավետիսյանի և Իոաննիսյանի վիճաբանությունը.