«Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնությունը դիմադրության գործողությունների շարք է սկսում՝ ուղղված կանխելու Հայաստանի՝ Մաքսային մությանն անդամագրվելը: Այս մասին ասված է նախաձեռնության կողմից այսօր տարածած հռչակագրի մեջ:
«Սերժ Սարգսյանը, չլինելով օրինական ճանապարհով ընտրված նախագահ, հետևաբար` չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու իրավունք, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին կատարել է պետական դավաճանություն՝ վտանգի տակ դնելով մեր պետության անկախությունը և ինքնիշխանությունը:
Չունենալով ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնությունը, ո՛չ կառավարության և ո՛չ Ազգային ժողովի որոշումը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում՝ հայտարարելով, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական միության ստեղծմանը:
Մաքսային միությանը և Եվրասիական միությանը միանալու արդյունքում մեր երկիրը ստիպված է լինելու զիջել ինքնուրույն որոշումներ ընդունելու իր գործառույթը վերպետական մի մարմնի, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Բացի դա, դրանով Հայաստանն իր ապագան կապում է բռնապետական կառավարման համակարգ ունեցող, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները շարունակաբար ոտնահարող և բնական ռեսուրսների գերշահագործման վրա հիմնված, հետամնաց տնտեսություն վարող երկրների հետ: Մեր և մեր գալիք սերունդների ապագան, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չեն կարող կասկածի տակ դրվել ոչ լեգիտիմ նախագահի հակասահմանադրական գործողություններով», – ասված է կազմակերպության հռչակագրի մեջ: