Դեկտեմբերի 26-ին, ժամը 13։00-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է հայ մայրերի բողոքի ակցիան, որին հետևելու է երթ դեպի նախագահական նստավայր՝ «իշխանությունների ու Սերժ Սարգսյանի մեռած հոգիների» համար մոմովառություն կազմակերպելու նպատակով։ Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի կազմակերպիչ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։
«Նախագահն ու կառավարությունը վաղուց մեռել են, իսկ ուրվականները ամենուր են ու մահ են տարածում։ Սրանց մեջ չկա մեկը, որ ժողովրդի մասին մտածի, դրանցից պետք է մաքրել մեր շուրջբոլորը։ Դեկտեմբերի 23-ին նույն մեռած հոգիները վավերացրին գազային համաձայնագիրը՝ ոտնատակ տալով ժողովրդի կարծիքն ու ըմբոստությունը», – ասել է մեր զրուցակիցը։
Նա նշել է, թե չի պատրաստվում հանդուրժել ժողովրդի հանդեպ իշխանավորների անմարդկային վերքաբերմունք, և ժամանակ առ ժամանակ կազմակերպած ակցիաներով «դիվադադար է անելու Սերժին ու իշխանություններին»։
«Ամեն անգամ գալու եմ ու թքելու եմ երեսներին, թող դուրս գան ու նայեն աչքերիս մեջ, ասեն, որ ես սխալվում եմ ՝ իրենք դավաճաններ չեն։ Կոչ եմ անում քաղաքացիներին միանալ մեզ ու մասնակցել ՀՀ իշխանության հիշատակի մոմավառությանը», – եզրափակել է Մարգարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սուսաննա Մարգարյանը կազմակերպել էր «Սերժ Սարգսյանի թաղումը»։ Երբ նա գետնին է գցել ՍերԺ Սարգսյանի նկարով պաստառը և ոտքերով տրորել այն, ոստիկանները փորձել են բերման ենթարկել ազատամարտիկ կնոջը։
Epress.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասել էր, որ ազատամարտիկ կանանց ու հայ մայրերի համար Սերժ Սարգսյանը մահացել է, իրենք էլ թաղման երթ են կազմակերպել, որի ընթացքում անցորդներին հորդորել են միանալ ու «ծաղկեպսակներ տանել Բաղրամյան 26»։