Home / Տեսանյութեր / Գործարարը եզդիների պարտքերը փակել է, որ Հովիկ Աբրահամյանի անունը չշոշափեն

Գործարարը եզդիների պարտքերը փակել է, որ Հովիկ Աբրահամյանի անունը չշոշափեն

Գործարար Լյովա Սաֆարյանը, ում ազգությամբ եզդի 21 անասնապահներ մեղադրում էին իրենց խաբելու մեջ, պնդում է, որ եզդիների ընտանիքների հետ «հարցերը լուծել է», և նրանք այլ պարտք ու պահանջ չունեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին անասնապահները մամուլում բարձրաձայնել էին իրենց խնդիրը՝ ասելով, որ գործարարը, ներկայանալով որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընկեր և այդպիսով շահելով իրենց վստահությունը, պարտքով կաթ է վերցրել ու հետագայում չի վերադարձրել գումարը:

Այսօր Սաֆարյանը, սակայն, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը այդ գործարքի հետ կապ չուներ:

«Իմ ընկերն է այդ կաթը գնել, իսկ այդ ընկերս հիմա Հայաստանում չէ: Ուղղակի սկսեցին ուրիշ մարդկանց անունները շոշափել, օրինակ, Ազգային ժողովի նախագահի, ես էդ հարցը լուծեցի, էդ մարդկանց փողերը տվեցի, որ էլ չխոսեն»,- ասել է Սաֆարյանը:

Պարտատերերից մեկը՝ Ռուստամ Իբոյանը, Epress.am-ի հետ զրույցում հաստատել է, որ Սաֆարյանի հետ «եկել են համաձայնության»: Նրա խոսքով՝ Սաֆարյանը վճարել է պարտքի կեսը, մյուս կեսը՝ խոստացել է տալ ամսվա վերջին:

Ավելի վաղ Ռուստամ Իբոյանն ասել էր, որ կաթը իրենցից գնել է անձամբ Սաֆարյանը։ Եզդի անասնապահի խոսքով՝ իրենց հեռախոսազանգերին Սաֆարյանը պատասխանում էր հայհոյանքներով, ամեն կերպ փորձում է հերքել, որ տվել է Հովիկ Աբրահամյանի անունը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքել էր, թե Սաֆարյանը որևէ կապ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: