Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին մեղադրում են եկեղեցուն բարեգործական նպատակով, ինչպես նաև պետության կողմից տրամադրված միջոցներն աննպատակահարմար կերպով ծախսելու մեջ։
Ինչպես ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը հայտնել է «Գլոբալ բրիջ» կազմակերպության ղեկավար Գեորգի Էլիբեգովը, իրեն, որպես Վրաստանի նախագահին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամի, հաճախ են դիմում հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք դժգոհ են եպիսկոպոսի ու եկեղեցու գործունեությունից, նրան մեղադրում են համայնքի խնդիրների հանդեպ անուշադրության ու եկեղեցու համար նախատեսված գումարների յուրացման մեջ։
«Այդ անվստահությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ Թբիլիսիում Սայաթ-Նովայի տոնախմբությունից հետո այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկություն հայտնեց հայ համայնքին «Կարտու» բանկի ֆոնդից 100 հազար լարի տրամադրել (ավելի քան $57 հազար) տարատեսակ համայնքային ծախսերի համար»,- հայտարարել է Էլիբեգովը։
Նրա խոսքով՝ իրեն դիմող հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգված են, որ Վրաստանի կառավարության կողմից հայկական եկեղեցուն տրամադրվելիք պետական ֆինանսավորումը, որը կազմում է 1,3 միլիոն լարի, նույնպես ըստ նշանակության չի ծախսվի։
«Մենք վաղուց արդեն Միրզախանյանին առաջարկել ենք եկեղեցուն կից հանրային հանձնաժողով, թեմական խորհուրդ ստեղծել, որպեսզի հանրությունը կարողանա վերահսկել եկեղեցու միջոցների ծախսման գործընթացը, սակայն կատեգորիկ մերժում ենք ստացել։ Նրանք ոչ ոքի թույլ չեն տալիս իմանալ, թե ինչպես են ծախսվում հայ համայնքին պատկանող գումարները։ Եկեղեցուն կից գործում են մի քանի հանրային կազմակերպություններ, որոնք պտտվում են եկեղեցու ուղեծրի շուրջ ու կառավարում բոլոր գործերը։ Հետևաբար, մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ պետության կողմից տրամադրվող միջոցներն էլ կարող են սխալ ուղղությամբ գնալ»,- նշել է Էլիբեգովը։
Պատասխանելով այդ մեղադրանքներին՝ Հայ առաքելական եկեղեցու վարչական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը «Ռեգնում»-ին ասել է, որ հայկական համայնքի որոշակի մասն ինտրիգներ է հյուսում եպիսկոպոսի ու եկեղեցու շուրջ․ «Ես մոտավորապես գիտեմ, թե ով է ձեզ այդ ամենն ասել։ Կա մի կին, որն անընդհատ դիմում է մեզ ու նվերներ պահանջում։ Մենք նվիրատվություն ենք ստանում Ամերիկայից ու դպրոցներին ու մանկատներին բաժանում 1+1 սկզբունքով, այսինքն՝ յուրաքանչյուր երեխային մեկ նվեր կյանքում մեկ անգամ։ Իսկ նրանք ուզում են մշտապես նվերներ ստանալ»,- նշել է եկեղեցու ներկայացուցիչը։
Տեղեկանալով, որ խոսքը ոչ թե նվերների, այլ Բիձինա Իվանիշվիլիի կողմից տրամադրված գումարի մասին է, Կարեն Երիցյանը հաստատել է, որ նախկին վարչապետն իսկապես «Կարտու» բանկի կողմից միջոցներ է տրամադրել՝ Թբիլիսիում Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարության ու վերականգնման համար։ «Այդ ամբողջ գումարը գնացել է եկեղեցու վերականգնմամբ զբաղվող հիմնադրամին։ Մենք ունենք բոլոր փաստաթղթերն ու բանկի քաղվածքը։ Մենք այդ փողերին անգամ չենք դիպչել, դրանք «Կարտու»-ից միանգամից փոխանցվել են TBC բանկում հիմնադրամի հաշվին։ Այդտեղից հիմնադրամն ինքն է հանել գումարը, աշխատողներ վարձել ու ինքն է ամեն ինչի համար վճարել։ Եկեղեցին նրանց հետ որևէ կապ չունի։ Մենք միայն հետևում ենք, որ եկեղեցին կառուցվի եկեղեցական օրենքներին համապատասխան»,- պարզաբանել է Երիցյանը։