ՀՀ մի խումբ քաղաքացիներ վարչապետից, մշակույթի նախարարից և Երևանի քաղաքապետարանից պահանջում են չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը՝ պահանջը պատճառաբանելով նրանով, որ արձանի տեղադրմանը կողմ քվեարկող ավագանու անդամները տեղյակ չեն եղել Միկոյանի գործունեությունից: Գրության տակ ստորագրել են մի քանի տասնյակ հասարակական գործիչներ, ակտիվիստներ, լրագրողներ, այդ թվում՝ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը, բնապահպան Ապրես Զոհրաբյանը, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, ակտիվիստ Ծովինար Նազարյանը:
Պահանջի մեջ ասված է․
«Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հայաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն):
Անաստաս Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է միլիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձևավորման և այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար: Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանալով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագումարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որոշումը «կենտրոնին» ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի արտահայտություն: Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է:
Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամներն ըստ երևույթին չեն տեղեկացվել նաև ցեղասպանությունից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակամարդկային և հակազգային դիրքորոշման, ինչպես նաև ցեղասպանության պատճառների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան: Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական և քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երևան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել ևս՝ հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:
Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպատակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքների անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում»:
Նշենք, որ ստորագրահավաքն ընթանում է նաև համացանցում՝ այս հասցեով։
Հաղորդագրությունը տարածել է «Թրանսփարենսի Ինտեռնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն։