Քանի որ կառավարությունն ունի նոր ղեկավար, որը տարբեր վայրեր այցեր է կատարում ու մեծ խոստումներ տալիս, Կանաչների միությունը ևս որոշել է նրան ծանոթացնել բնապահպանական կարևոր խնդրի՝ հանքարդյունաբերության օրենսդրության խնդրի հետ՝ ակնկալելով հստակ քայլեր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Ապրիլի 29-ին նա նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին, սակայն մոտ կես ամիս անց պարզել է, որ նամակը վարչապետին չի հանձնվել:
«Նրանք նամակները պահում են դարակում: Ինձ ասեցին, որ կփոխանցեն նախարարներին, այսինքն՝ նամակը վարչապետին չի էլ հասնի: Նման մի դեպք եղավ 2008 թվականին, երբ Տիգրան Սարգսյանը դարձավ վարչապետ: Այդ ժամանակ ես նորից նամակ գրեցի, սակայն մեկուկես ամիս հետո պարզվեց, որ այդ նամակը չեն փոխանցել վարչապետին»,- ասել է Սանասարյանը:
Բաց նամակում բնապահպանը նկարագրել է, թե ինչ չհիմնավորված արտոնություններ ունեն հանքարդյունաբերողները Հայաստանում, նրանք չեն վճարում հողի, ջրային համակարգի վնասի դիմաց, երկրաբանական ուսումնասիրությունների համար, ազատված են պոչանքի, ինչպես նաև օգտագործված ջրի դիմաց հարկ վճարելուց, ունեն նաև ներմուծման և արտահանման արտոնություններ:
«Մեզ մոտ ընդունվել են օրենքներ, որոնցով օրինականացվել է թալանը: Եթե իրոք ինչ-որ բան ուզում է փոխել, վարչապետը հենց այստեղից պետք է սկսի: Թող նոր օրենքները ներկայացնեն ԱԺ»,- ասել է Հակոբ Սանասարյանը:
Ոլորտում օրենսդրական նախաձեռնություններ անելու կոչով բնապահպանը բաց նամակներ է գրել նաև ԱԺ բոլոր խմբակցություններին՝ ավելի մեծ ակնկալիքներ ունենալով նրանցից, ովքեր իրենց ընդդիմադիր ուժեր են կոչում: