Ազգային ժողովում ներկայացված ՀՀ կառավարության ծրագիրը, առաջին հերթին, իրատեսական, խստապահանջ և ականջալուր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում հնչեցրած իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ», – ասել է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ կան առաջարկներ, որոնք եթե անգամ ներառված չեն ծրագրում, ապա ինքն արդեն հանձնարարել է, որ դրանք ուսումնասիրվեն և ներկայացվեն շահագրգիռ քննարկման:
«Օրինակ, տարբեր քաղաքական ուժեր վերջերս շատ են խոսում հակամենաշնորհային օրենսդրության անհրաժեշտության մասին: Այժմ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը հենված է ոչ թե մենաշնորհների սահմանափակման, այլ գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարելուն: Օրենսդրության նմանօրինակ փոփոխությունը պետք է քննարկել թե՛ միջազգային փորձի, թե՛ դրա կիրարկման իրատեսականության, թե՛ առկա կարողությունների տեսակետից: Արդեն մինչև տարվա վերջ մենք կունենանք վերլուծություն, որը հնարավորություն կտա այս ոլորտում ճիշտ որոշումներ ընդունել:
Կան առաջարկներ, որոնք տեսականորեն ընդունելի են, սակայն մեր իրականության պայմաններում իրագործելի չեն: Օրինակ, կա առաջարկ, որպեսզի բոլոր անկախ հանձնաժողովների և վերահսկիչ կառույցների ղեկավարների թեկնածություններն առաջադրվեն ընդդիմության կողմից: Միգուցե, նման գաղափարն աշխատի արդեն կայացած կուսակցական համակարգով երկրներում: Սակայն, երբ մենք ունենք խորհրդարանական ուժեր, որոնք առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, որոնք պատրաստ են մերժել համագործակցության ցանկացած առիթ, ես խիստ կասկածում եմ, որ նման առաջարկը Հայաստանում կիրառելը կբերի առաջընթացի:
Ընդհակառակը, որոշ ուժերի կողմից քարոզվող անհանդուրժողականության պայմաններում այն կարող է ավելացնել հասարակության բևեռացվածությունը:
Կան գաղափարներ, որոնք ամբոխահաճո են և չունեն երկարաժամկետ հեռանկար: Օրինակ, կենսաթոշակային բարեփոխումների անհապաղ կասեցումը: Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ. կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ Այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված», և մենք ամեն օր աշխատում ենք այդ լուծումը ձևավորելու ուղղությամբ և շուտով ներկայացնելու ենք ձեր դատին», – հայտարարել է ՀՀ վարչապետը:
Աբրահամյանի խոսքով՝ ստվերը բոլորի թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական:
«Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից:
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճելու է, և մենք ավելի շատ ռեսուրսներ ենք տնօրինելու: Սակայն սա լինելու է ոչ մեխանիկորեն, ոչ բարձրացող հարկային դրույքաչափերի հաշվին: Ցուցանիշն աճելու է ստվերային շրջանառության կրճատմանը համահունչ», – վստահեցրել է Աբրահամյանը: