Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հունիսի 24-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում Եվրոպայի Խորհրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը ներկայացրել են Ադրբեջանի քաղբանտարկյալների միասնական ցուցակը։
Ցուցակը պատրաստվել է ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի N 1900 բանաձևով սահմանված չափանիշների հիման վրա, որով սահմանվում է «քաղաքական բանտարկյալ» եզրույթը:
Ցուցակը կազմվել է ադրբեջանական 11 հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով, մասնավորապես, քաղբանտարկյալների իրավունքներով։ Այս մասին Turan-ին հայտնել է Իրավական պաշտպանության և կրթության միության ղեկավար Ռասուլ Ջաֆարովը։
Ըստ ցուցակի՝ ներկայացված քաղբանտարկյալներից 29-ը ենթակա են անհապաղ ու անվերապահ ազատ արձակման, 52 բանտարկյալների գործերը պետք է վերանայվեն։
Նշենք, որ հայաստանցի իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները որպես քաղբանտարկյալ են ճանաչում անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանին և նրա 13 համախոհներին, ինչպես նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին։