ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», որոշել են արտահերթ նիստ անցկացնել՝ բարձրաձայնելու համար փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքը՝ կապված «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ:
Ազգային ժողովի հերթական նիստի ընդամիջմանն այս լուրը ԱԺ-ի դիմաց հավաքված բողոքի մասնակիցներին հայտնել է ՀԱԿ խմբակցությունից՝ Արամ Մանուկյանը և ԲՀԿ խմբակցությունից՝ Միքայել Մելքումյանը:
Վերջինս ասել է, որ ոչ իշխանականներն այսօր կհավաքեն 44 անհրաժեշտ ստորագրությունները՝ վաղը նիստ գումարելու համար: Պատգամավորները մտադիր են երկու առաջարկություններ անել շրջանառության հարկի մասին՝ օրենքը կիրառել կամավորականության սկզբունքով, այսինքն՝ ցանկացողները կարողանան դրանով շարժվել, բայց ուժի մեջ մնա նաև այժմ գործող օրենքը՝ 3.5% շրջանառության հարկով և առանց թղթաբանության:
Երկրորդ առաջարկով՝ պատգամավորներն ուզում են բարձրացնել փոքր և միջին տնտեսավարողների շրջանառության շեմը՝ դարձնելով 150 միլիոն դրամ՝ ներկայիս 58 միլիոնի փոխարեն: Շեմը գերազանցելուց հետո տնտեսվարողը ստիպված կլինի ավելացված արժեքի հարկ վճարել։
Արամ Մանուկյանը, դիմելով հավաքված ձեռներեցներին, ասել է, որ արտահերթ նիստի համար անհրաժեշտ ստորագրություններ ունենալը բավարար չէ, քանի որ հնարավոր է՝ ՀՀԿ-ն նիստի գումարումը բոյկոտի: Ուստի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ժողովրդի ճնշումը:
Հավաքվածները խոստացել են վաղը 10.00-ից ևս ակցիա անել ԱԺ-ի դիմաց: