Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը տեղյակ չի եղել, որ 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հարազատները ցանկանում են հանդիպել իր հետ, այլապես ինքը անպայման կաներ դա։ Այս մասին Մուժնիեկսն ասել է՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանի դիտարկման, ով նշել է, որ զոհերի հարազատները զարմացած են, որ հանձնակատարն անտարբեր է հարցի կապակցությամբ ու իրենց չի հանդիպել։ Մարտիրոսյանը նաև Մուժնիեկսին փոխանցել է նրանց նամակը։
«Եթե ես տեղյակ լինեի այդ մասին, ես ժամանակ կգտնեի ու կհանդիպեի նրանց հետ», ֊ ասել է Մուժնիեկսը։
Նա նշել է, որ հիասթափված է «Մարտի 1-ի» գործով քննության ընթացքում արդյունքների բացակայությամբ, ու հարցը բարձրացրել է թե Հատուկ քննչական ծառայության պետի, թե ՀՀ գլխավոր դատախազի մոտ։
«Նրանք հավաստիացրել են, որ հետաքննությունն ընթացքի մեջ է», ֊ ասել է Մուժնիեկսը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։