Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանարկյալ Շանթ Հարությունյանին և ընկերներին համերաշխություն հայտնելու համար կազմակերպված երթը դեռ չմեկնարկած՝ բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ: Նրանք Շանթ Հարությունյանի փոքր նկարներով պաստառներով և անոնիմուսների դիմակներով կանգնած էին Ազատության հրապարակի մոտակայքում՝ Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում։ Ոստիկանության բաժնում գտնվող ակցիայի մասնակիցներից մեկը Epress.am֊ի թղթակցին ասել է, որ իրենք որոշ ժամանակ հետիոտների համար նախատեսված կղզյակների վրա կանգնելուց հետո շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակում գտնվող Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձան, Շանթ Հարությունյանի պաստառներով կանգնել են այնտեղ՝ չխանգարելով երթևեկությանը։ Ոստիկանները նրանց հրելով տարել են դեպի մոտակա կանգառ, որտեղից էլ նրանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Բերման ենթարկվածներն են Հերբերտ Գևորգյանը, Սուրեն Սահակյանը, Դվին Իսանյանսը, Արա Պետրոսյանը, Տիգրան Փարսիլյանը, Արտակ Գևորգյանը, Մաքս Սարգսյանը և Վահագն Մինասյանը։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտնել է, որ բերման ենթարկվածները խախտել են կարգը, քանի որ, կանգնելով հետիոտների համար նախատեսված կղզյակների վրա, սահմանափակել են այլ քաղաքացիների իրավունքները։ Այլ հարցերի Օսիպյանը հրաժարվել է պատասխանել՝ խորհուրդ տալով դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը։
Երթը մեկնարկել է 18.40-ին Ազատության հրապարակից։ Մասնակիցներից ոմանք կրում են անոնիմուսների դիմակներ։ Նրանք նշում էին, որ ցանկանում են Հայաստանում կրկնել անցյալ տարվա անոնիմուսների երթը՝ միևնույն ժամանակ բարձրաձայնելով քաղբանտարկյալների առկայության խնդիրը։ Երթի մասնակիցները ձեռքերում պահում էին քաղբանտարկյալների նկարները և վանկարկում նրանց անունները։
Երբ երթը հասել է Հանրապետության հրապարակում գտնվող արտգործնախարարության շենքի մոտ, ոստիկանները բերման են ենթարկել նաև Գոհար Սարոյանին, ով անոնիմուսի դիմակով փակել էր դեմքը։ Դրանից հետո ոստիկանները պատ են շարել երթի մասնակիցների դիմաց՝ պահանջելով բացել դեմքերը և այդպես շարունակել երթը։ Մասնակիցները դեմքերից հեռացրել են դիմակները, որից հետո Նալբանդյան և Թումանյան փողոցներով շարժվել են դեպի Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Շանթ Հարությունյանի շարժման աջակիցների «Անոնիմուսներ» դիմակներով երթն ավարտվել էր սկսվելուց մի քանի րոպե անց․ տասնյակ ակտիվիստների բերման էին ենթարկվել։ Երթն անցկացնելու համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել 16-17դդ. անգլիացի հասարակական գործիչ Գայ Ֆոքսը, ով Հակոբ I-ին արքային գահընկեց անելու ծրագրի մասնակիցեր և որին ձերբակալել էին 1605 թվականի նոյեմբերի 5-ին:
Հոկտեմբերի 17-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռել է Շանթ Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, Վահե Մկրտչյանին՝ 7 տարվա, Ալբերտ Մարգարյանին՝ 6 տարվա, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարվա, Վարդան Վարդանյանին՝ 5 տարվա, Լիպարիտ Պողոսյանին՝ 5 տարվա, Հայկ Հարությունյանին՝ 4,5 տարվա, Ալեք Պողոսյանին՝ 4 տարվա, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 4 տարվա, Արմեն Հովհաննիսյանին՝ 2 տարվա, Սևակ Մնացականյանին՝ 1,5 տարվա, Տիգրան Պետրոսյանին՝ 1 տարվա։
Միսակ Առաքելյանի նկատմամբ կիրառվեց տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Դատարանը վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել։
Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել, քանի որ լրացել է նրա պատժի ժամկետը։