Շանթ Հարությունյանի և ընկերների գործով անօրեն վճիռ հրապարակելով՝ դատարանը, այնուամենայնիվ, քաղաքացիական հագուստով տուժողներին չի համարել ոստիկան: Այս մասին այսօր Epress.am-ին ասել է Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ով արդեն ստացել է առաջին ատյանի դատարանի որոշումը: 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի համախոհների հետ ընդհարված քաղաքացիական հագուստով անձանցից Էդգար Ալեքսանյանը և Հարություն Ալեքսանյանը դատարանում հայտարարել են, որ իրենք ոստիկաններ են, ու այդ օրն այդ մասին զգուշացրել են երթի մասնակիցներին։ Հարությունյանը նրանց սադրիչներ է համարում։
Պետրոսյանի խոսքով՝ դատարանը ապացուցված չի համարել քաղաքացիական հագուստով անձնանց ոստիկան լինելը, հետևաբար վերաորակել է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքը «խուլիգանությունը կանխել փորձող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու» մեղադրանքով:
Այդ փաստով պայմանավորված ամբաստանյալներ Մկրտիչ Հովհաննիսյանի և Ալբերտ Մարգարյանի պատիժները մեղմվել են, և նրանք համապատասխանաբար դատապարտվել են 4 և 6 տարի ազատազրկման: Դատախազն առաջինի համար 5,5, իսկ երկրորդի համար 8 տարվա ազատազրկում էր պահանջել։
«Տուժողները և վկա ոստիկանները դատարանում փորձում էին ապացուցել, որ տղաները իմացել են, թե իրենք ոստիկաններ էին, և իբր թե բղավել են՝ «միլիցա է, խփեք»: Այս սուտ ցուցմուքները ոչ միայն մեր պաշտպանյալների կողմից հերքվեցին, այլև տեսանյութերի զննությամբ», – ասել է Ինեսսա Պետրոսյանը:
Դատարանի այս մոտեցումը Ինեսսա Պետրոսյանը դրական է համարել, թեև ևս մեկ անգամ արձանագրել է, որ վճիռը վերևից իջեցված էր: