Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բերած բողոքը քաղաքացի Գայանե Թումասյանի օգտին կայացված դատական ակտի դեմ:
Թումասյանը պնդում է, որ ինքը վաշխառության զոհ է: Ոստիկանությունը քննել էր քաղաքացու բողոքը, սակայն գործը կարճել է: Այնուհետև Թումանյանը դիմել էր դատարան՝ նշելով, որ դատախազությունը բողոքի քննությունը պատշաճ չի կատարել:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը և մատնանշել՝ ինչ բացթողումներ է թույլ տվել քննիչը: Ինչևէ, նոր քննություն սկսելու փոխարեն, դատախազությունը բողոքարկել էր վճիռը վերաքննիչ դատարանում:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Թումասյանի պաշտպանությամբ զբաղվող «Վելես» իրավապաշտպանական ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը (լուսանկարում), Վերաքննիչը, անփոփոխ թողնելով Դատախազության դեմ կայացված վճիռը, ևս հայտարարել է, որ քննիչը բացթողումներ է արել, մասնավորապես, չի հարցաքննել կարևորագույն վկաներից մեկին՝ ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանին, հակասական ցուցմունքներ ունենալով՝ չի կազմակերպել առերեսումներ և այլն: Պողոսյանի խոսքով՝ այժմ, եթե Դատախազությունը Վճռաբեկ դատարան չդիմի, ստիպված է նորից քննել Թումասյանի հայցը:
Հիշեցնենք, որ Թումասյանը պահանջում է քրեական գործ հարուցել վաշխառուների դեմ: Կնոջ խոսքով՝ ամուսինը՝ Լուսաբեկ Սարիբեկյանը, իրենց տունը վաճառելու մասին առքուվաճառքի պայմանագիր է կնքել՝ տոկոսով գումար վերցնելու համար: Տոկոսով գումար տվողը, ըստ Թումասյանի, ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանն է՝ իր խմբով, ով կարողացել է նոտարական գրասենյակի կեղծումով գործարքը կնքել առանց սեփականատեր Լուսաբեկ Սարիբեկյանի կնոջ, այսինքն՝ իր գիտության: Այժմ Թումասյանը մնացել է անտուն:
Գործը քննելուց,սակայն, քննիչը չի հարցաքննել տան սեփականատեր դարձած Հովհաննես Երիցյանին և որոշել է, որ հիմքեր կա գործը կարճելու:
«Դատախազությունը ստանձնում է Երիցյանի պաշտպանի ֆունկցիան: Եթե իրոք Ավանի դատախազությունը վստահ է, որ որևէ սխալ թույլ չի տվել, ինչո՞ւ չի լրացնում բաց թողնված իր գործողությունները և ապացուցում, որ Երիցյանի դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Փոխարենը վիճարկում է դատարանների որոշումները»,- մեկնաբանել է Մարինա Պողոսյանը: