«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ին նպատակ չունի խանգարել հիշատակի միջոցառումները, խժդժություններ կազմակերպել, չի գնալու բախումների, չնայած գործող ռեժիմը նման նպատակներ ունենալու մասին ապատեղեկատվություն է տարածում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարել է «Հիմնադիր Խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, ով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կազմակերպիչներից է:
«Մենք, ինչպես բոլորը, ապրիլի 24-ին այցելելու ենք հուշակոթող: Այդ օրը սկսվելու է մի գործընթաց, որը կրելու է խաղաղ բնույթ, սակայն կարող է ավարտվել ապրիլի 25-ին, 26-ին: Փակագծերը դեռ չենք բացում», – ասել է Սեֆիլյանը:
Քանի որ Սեֆիլյանին հարցեր ուղղող քաղաքացիներից շատերը նշել են, որ ապրիլի 24-ը սգո օր է, որի ընթացքում մարդիկ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բանախոսը նշել է՝ ովքեր բարդույթ ունեն այդ օրվա հետ կապված, կարող են շարժմանը միանալ ապրիլի 25-ին:
Սեֆիլյանն ընդգծել է, որ ռեժիմից ազատվելուց հետո Հայաստանում բանտարկված մարդկանցից շատերը ազատ են արձակվելու, քանի որ ռեժիմը բանտն օգտագործում է գումար կորզելու համար, բացի դա, իրականացվելու է գործակալական լյուստրացիա: Բանախոսն ասել է նաև, որ իր նախաձեռնությունը Հայաստանում որևէ այլ երկրի ցամաքային զորքեր ունենալու անհրաժեշտություն չի տեսնում։