Home / Համայնքներ / «Գեղի օփել» քշողները չեն ներում քաղաքապետին

«Գեղի օփել» քշողները չեն ներում քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր վիրավորական արտահայտությունների համար՝ ուղղված Օփել մակնիշի մեքենա քշողներին։ Կենտրոնական կայանատեղիների (կարմիր գծերի) թանկացման մասին վոքսպոպին հարցազրույց տալով՝ Արմեն Ավինյանը Oragir.News-ին ասել է. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կանգնի ստէ, ամեն մեկն իրա գեղի Օփելով։ Ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված։ Գնացեք Իտալիա՝ տեսեք. ավտոյի գին պիտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։ Հայր Ավինյանն ինքը կարմիր գծերի համար չի մուծում, քանի որ քշում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենա։

Տեսաուղերձում որդի Ավինյանն արդարացել է, որ հայրը խոսել է «նյարդի, պահի տակ»։ «Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում։ Շատ ափսոսում եմ ասված բառերի համար և ներողություն եմ խնդրում։ Մարդը իմ հայրն է։ Ես իրեն ճանաչում եմ և գիտեմ, որ նա այդպես չի մտածում», – ասել է քաղաքապետը։

Ներողությունը հանրային զայրույթը չի մեղմել․ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչները վիրավորում են «Օփել քշողներին»՝ այդ ընդհանրացումով ծաղրելով բոլոր նրանց, ովքեր հին՝ ավելի քան 10 տարվա արտադրության մեքենաներ են քշում։ 

Նոյեմբերի 13-ի Ազգային ժողովի նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Օփելների մասին խոսել՝ էլեկտրական մեքենաներին մաքսատուրքից ազատելու հարցի քննարկման ժամանակ։ «Եկեք համապարփակ լուծումների գնանք։ Մենք անընդհատ ասում ենք՝ էս մի Օփելն էլ ու վերջ։  Հետո գալիս ա մյուս Օփելը, երրորդը։ Օփելային համահարթեցո՛ւմ։ Ամենայն հարգանքով Օփել ունեցողների, ես նկատի ունեի՝ հին [մեքենաներ ունեցողների] հանդեպ», – ասել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ Կառավարությունը պետք է նպաստի նրան, որ շատանան նոր, արհեստական բանականությամբ աշխատող (թանկարժեք) մեքենաները։

Հին մեքենաներն անվանելով «դագաղ ակերի վրա»՝  վարչապետը չի վկայակոչել որևէ վիճակագրական փաստ, թե ավտովթարների քանի տոկոսն են պատճառաբանվում մեքենայի հնությամբ։ 

Իշխանությունները Երևանի կենտրոնի գերծանրաբեռնված երթևեկությունը թեթևացնելու միակ միջոցը կայանատեղիները թանկացնելն են համարում։ 

Երևանի ավագանին օրեր առաջ վերահաստատել է, որ հունվարի 1-ից փոքր կենտրոնում կայանատեղերի համար վճարները 13 անգամ բարձրացվելու են՝ որոշ դեպքերում տարեկան 12 000-ից դառնալով 160 000 դրամ։ Ավագանին հաշվի չի առել վարչական դատարանի՝ ավելի վաղ ընդունված որոշումը, որով նման թանկացումը համարվել է անօրինական։

Քաղաքապետարանը վերջերս զբաղված է հիմնականում թանկացումներով․ սկզբում հանրային տրանսպորտը մի քանի անգամ թանկացրեցին, հետո՝ աղբահանությունը։ Գույքահարկը մինչ այդ էին հասցրել բարձրացնել։

Կարմիր գծերի՝ ավելի քան տասը անգամ թանկացումը Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարացնել այսպես՝ եթե չթանկացնեինք, կենտրոնում երթևեկել ընդհանրապես չէր լինի։ 

Օփել մակնիշի մեքենաների ֆեյսբուքյան խմբում, որտեղ մոտ 45 հազար մարդ կա, առաջարկում են բողոքի ակցիա անել քաղաքապետարանի դիմաց։