18։33 — Հանրային տրանսպորտը կթանկանա. Երևանի ավագանին՝ ձայների 32 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ, ընդունեց իշխանությունների մշակած նախագիծը։ Ավագանու ընդդիմադիր՝ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին։
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
15։00 — Երևանում տրանսպորտի սակագների սպասվող թանկացումը հարվածում է աշխատավորների մեծամասնության գրպանին, հաշվի չի առնում ոլորտում առկա մոտ 350-տոկոսանոց ստվերը և գերազանցում է ավելի հարուստ մայրաքաղաքների գները։ Հրաժարվելով սուբսիդավորման քաղաքականությունից, իշխանությունները հրաժարվում են սոցիալական արդարության սկզբունքից։
Երևանի ավագանին քննարկում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մի քանի տեսակի փաթեթներ։ 30 օրվա համար՝ 8800 դրամ, 90 օրվա համար՝ 23600 դրամ, 365 օրվա համար՝ 88000 դրամ․․․ Երթևեկությունների քանակը անսահմանափակ է, փաթեթը տարածվում է հանրային տրանսպորտի բոլոր տեսակների վրա։ Ուսանողների, հատուկ խմբերի համար քաղաքապետարանը զեղչեր է խոստանում։
Հիմնական խնդիրը մեկանգամյա քարտի հետ է կապված։ Եթե փաթեթ չունես՝ մեկանգամյա ուղևորության արժեքը կազմելու է 280-ից 300 դրամ։
Սա չափազանց բարձր գին է։ Նախորդ նախագծի հանրայնացումից հետո, օրինակ, Պետհիմնարկների, ՏԻՄ-երի և Հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունը հրատապ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով, ի թիվս այլի, կտրուկ նվազեցնել մեկանգամյա երթևեկության արժեքը։ Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը Epress.am-ի հետ զրույցում նշում է՝ աշխատավորների հետ քննարկումից հետո հասկացել են՝ նվազագույն կամ նվազագույնին մոտ աշխատավարձ ստացողների համար նույնիսկ 150 դրամն է չափազանց բարձր գին։
Քաղաքապետարանը, ըստ նրա, սակագները բարձրացնելու փոխարեն պետք է ջանքեր գործադրի՝ ստվերը կրճատելու համար։ Սուբսիդավորումից հրաժարվելն արհմիութենական առաջնորդը սխալ քաղաքականություն է համարում։
«Որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել, որ չնայած աշխատավարձերի որոշակի աճին, բնակիչների եկամուտները շարունակում են մնալ ցածր և չեն ապահովում արժանապատիվ կենսակերպ։
Երևանում միջին ամսական «մաքուր» աշխատավարձը կազմում է 224000 դրամ։ Ընդ որում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Երևանում գործող կազմակերպությունների աշխատողների շուրջ 65 տոկոսը ստանում է նվազագույն կամ միջինից ցածր աշխատավարձ։
Հորդորում ենք քաղաքային իշխանությանը որդեգրել քաղաքային տրանսպորտը սուբսիդավորելու քաղաքականությունը, ինչպես որ դա ընդունված է համայնքապատկան քաղաքային տրանսպորտ ունեցող աշխարհի քաղաքների գերակշիռ մեծամասնությունում։ Քաղաքային տրանսպորտի առաջնային նպատակը սոցիալական սոլիդարության սկզբունքի հիման վրա բնակիչներին որակյալ ու մատչելի ծառայություն մատուցելն է, այդ թվում՝ քաղաքն ապրելու համար առավել պիտանելի դարձնելու և մեքենաներից բեռնաթափելու համար։
Քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավոր կլինի բավարար միջոցներ գտնել տրանսպորտային ծառայությունների ապահովման համար, ընդ որում, խոսքը բնավ բնակիչներին հավելյալ հարկելու մասին չէ։
Քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտն օրական փոխադրում է շուրջ 550 000 ուղևորների։ Այնինչ, քաղաքապետարանի կողմից մեր միությանը տրամադրված տեղեկության համաձայն, օրական կտրվածքով քաղաքային բյուջե է մտնում միայն մոտ 160 000 ուղևորների կողմից վճարած ուղեվարձը։
Միևնույն ժամանակ, արդեն իսկ ներդրված էլեկտրոնային տոմսային համակարգից օգտվում է ուղևորների մոտ 0.5%-ը։ Հետևաբար, անհրաժեշտ է վերացնել ստվերը, ինչի հետևանքով տրանսպորտի հասույթն առնվազն երեք անգամ կավելանա և ուղեվարձի տոմսը երեք անգամ թանկացնելու անհրաժեշտություն չի լինի», – նշված է պետական և հանրային աշխատողների ճյուղային արհմիության հայտարարության մեջ։
Արհմիությունը դժգոհ է նաև քաղաքապետարանի աշխատաոճից՝ նախագծերը հանրային քննարկման չեն դրվել․
«Գտնում ենք, որ նման ազդեցիկ քաղաքական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության սկզբունքը։ Առաջարկում ենք, որ ավագանու որոշման նախագիծը կրկին հանվի ավագանու նիստի օրակարգից, փոխարենն անկեղծ և թափանցիկ ֆորմատով ներկայացվի հանրությանը, որպեսզի ծավալվեն լայն, բազմակողմանի ու երկարատև քննարկումներ շահագրգիռ կողմերի, փորձագետների, բնակիչների տարբեր խմբերի և աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների հետ։ Միայն քննարկումների արդյունքում լրամշակված և կոմպրոմիսային տարբերակը կարող է ընդգրկվել ավագանու նիստի օրակարգում»։
Թեև նոր նախագիծն ավելի մեղմ է, քան մոտ մեկ ամիս առաջ հրապարակվածը (հետ էր կանչվել հանային քննադատության և դժգոհությունների պատճառով), հանրության մի զգալի մասին այն երթևեկության սակագնի թանկացում է բերելու նույնիսկ փաթեթ գնելու դեպքում։
Մեկամսյա փաթեթի պարագայում, օրինակ, hանրային տրանսպորտից ամեն օր օգտվելու դեպքում օրական 293 դրամ ենք վճարելու (8800/30=293), տրանսպորտից միայն աշխատանքային օրերին օգտվելու դեպքում՝ օրական 400 դրամ (8800/22=400): Աշխատավորներից շատերը հիմա (գործի գնալու և հետ վերադառնալու վրա) օրական 200 դրամ են ծախսում։ Եթե նախագիծն ընդունվի՝ նրանց ծախսը առնվազն կրկնապատկվելու է։
Անսահմանափակ երթևեկությամբ նմանատիպ փաթեթներ, ի դեպ, նաև հարևան Վրաստանի մայրաքաղաքում են գործում։ Թբիլիսիում ամսական քարտը 6090 դրամ արժի՝ 2710 դրամով ավելի մատչելի, քան Երևանում առաջարկվողը։ Քիշնևում երթևեկությունն ավելի էժան է՝ ամսական 5310 դրամ։ Ավելի մատչելի է նաև Ղազախստանի մայրաքաղաքը՝ ամսական 6680 դրամ։
Երևանում ներդրվող սակագները զիջում են լավագույն դեպքում Մոսկվային, Վիլնյուսին և Ռիգային՝ այնտեղ ամսական անսահմանափակ փաթեթները 12-13 հազար դրամ արժեն: Արդյո՞ք Հայաստանի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի որակը և մայրաքաղաքի աշխատավոր բնակչության տնտեսական կարողությունները համապատասխանում են առաջարկվող բարձր գնին՝ քաղաքապետարանից գնահատականներ չեն տալիս։
Փոխարենը խոսում են տրանսպորտային պարկի թարմացման, երթևեկության բարձր ինքնարժեքի մասին։ Քաղաքապետարանը ձգտում է հրաժարվել սուբսիդավորման քաղաքականությունից՝ ասում է փոխքաղաքապետը, թեև համայնքային և հանրային տրանսպորտի սուբսիդավորումը տարածված պրակտիկա է, որը հիմնվում է սոցիալական արդարության սկզբունքի վրա։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ում Երևանի ավագանին մոտ մեկ ամիս առաջ զրկել է մանդատից, այսօրվա նիստին զուգահեռ փոքր պիկետ է անում քաղաքապետարանի առաջ։ Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, որը դեմ է տրանսպորտի սակագների թանկացման այս նախագծին, Մարությանին հրավիրել էր նիստին ելույթ ունենալու, բայց նրա մուտքը քաղաքապետարան արգելվել է։
Մարությանը, օրինակ, դեմ չէ միասնական տոմսային համակարգին, բայց առաջարկում է փաթեթներին զուգահեռ ներդնել նաև 100 դրամանոց քարտը, այսինքն՝ պահպանել ներկա սակագինը․ «Թող մարդիկ լիցքավորեն այդ քարտը որքան կցանկանան, ամեն հպումից կգանձվի 100 դրամ: Թող մարդիկ այլընտրանքի հնարավորություն ունենան»։ Մարությանը վստահ է՝ առկա խնդիրների լուծման միակ տարբերակը սուբսիդիան է։