Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ երեկ՝ ապրիլի 20-ին, մերժել է Արարատի մարզի զորամասերից մեկի դիրքում 2014 թվականին զոհված զինծառայող, 19-ամյա Գրիշա Խաչատրյանի իրավահաջորդների վերաքննիչ բողոքը՝ քրեական գործով վարույթը կարճելու քննիչի որոշման դեմ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը: Վերջինս հայտնել է, որ իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:
Ավելի վաղ՝ 2016 թ. փետրվարի 18-ին, Վայոց ձորի և Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը մերժել էր 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչ Լ․ Եղոյանի որոշման դեմ ներկայացված բողոքը:
Տուժողի իրավահաջորդ Տաթևիկ Սիրադեղյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դեռևս նախաքննությունը արդյունավետ չի ընթացել և ի վերջո այդպես էլ չեն պարզվել Խաչատրյանի մահվան հանգամանքները։
Պաշտոնական վարկածի համաձայն, դեպքի օրը՝ 2014 թվականի հունիսի 20-ին՝ 10։00-ի սահմաններում, Գրիշա Խաչատրյանը և մեկ այլ շարքային՝ Մարտուն Հարությունյանը, միասին հերթափոխ են իրականացրել մարտական դիրքում։ 35 րոպե անց քննչական մարմնում տեղեկություն են ստացել, որ Խաչատրյանը մահացել է գլխի աջ հատվածում ստացած հրազենային վնասվածներից։
Չնայած գործը հարուցվել էր սպանության հոդվածով, նախաքննության ընթացքում քննարկվել էին ինչպես սպանության, այնպես էլ ինքնասպանության և Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու վարկածները: Դեպքից մեկ տարի անց՝ 2015 թվականին, քննիչ Եղոյանը քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում էր կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Համաձայն քննիչի՝ դեպքի ժամանակ Խաչատրյանի մոտ գտնվող Մարտուն Հարությունյանի մարմնի և համազգեստի վրա կրակոցի լրացուցիչ արգասիքներ ու արյան հետքեր չեն եղել և այլ անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել։
Տաթևիկ Սիրադեղյանը նշել է, որ նախաքննության ընթացքում Խաչատրյանի կողմից ինքնասպանություն կատարելու հնարավորությունը միանշանակորեն հերքվել է։ Սակայն, սպանության վարկածը ամեն դեպքում չի հերքվել միանշանակորեն, և այդ պատճառով էլ գործը չէր կարող կարճվել։
«Նախաքննության ընթացքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ, որոնք կփաստեն Գրիշա Խաչատրյանի արարքում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հանցակազմի հատկանիշների առկայությունը: Նախաքննության ընթացքում ամբողջությամբ չի հերքվել նաև մեկ այլ անձի կողմից Խաչատրյանին կյանքից զրկելու, այսինքն՝ սպանության վարկածը։ Չէր կարող կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով, որովհետև հանցակազմի բոլոր հատկանիշների բացակայությունը միանշանակորեն չի հաստատվել: Եվ մենք գտնում ենք, որ առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ և ենթակա է բեկանման», – ասել է Սիրադեղյանը:
Նշենք, որ Գրիշա Խաչատրյանի մահվանից անմիջապես հետո ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ զինծատայողը մահացու վիրավորում է ստացել հակառակորդի կողմից։ Այդ վարկածը հետագայում փոխվել էր, իսկ ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով մասնակցել էր դիահերձմանը, պնդել էր, որ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը «տիպիկ սպանություն էր»։ Հաշվի առնելով երկու վնասվածքների առկայությունը՝ փորձագետը բացառել էր ինքնասպանության վարկածը։ Մարտիրոսյանը նշել էր նաև, որ վնասվածքների ուղղվածությունը խոսում է այն մասին, որ Գրիշա Խաչատրյանը չէր կարող սպանված լինել հակառակորդի կողմից, ինչպես նաև չէր կարող զոհվել զենքի անփույթ օգտագործման հետևանքով։
Մարտիրոսյանի խոսքը դիահերձումից հետո (տեսանյութում 02.33-ից)․