Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերած «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունից պետությունը պահանջում է եկամտային հարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով։
Հարկ վճարելու պարտականություններից ազատելու խնդրանքով՝ «Շիրակ կենտրոն»-ը հայտարարությամբ դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանին, ինչպես նաև ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանին:
««Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ փակի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, բարեգործական նպատակով ձեռք բերված և անօթևան ընտանիքներին նվիրված բնակարանների համար», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Նախորդ մի քանի տարիների ընթացքում, նշված է հայտարարության մեջ, «Շիրակ կենտրոն»-ի միջոցով հիմնականում առանձին անհատների և միջազգային կազմակերպությունների կողմից մոտ 76 ընտանիքի նվիրվել են բնակարաններ։
«Հովանավորները մեր առջև պայման դրեցին, որ իրենց միջոցներով գնվելիք բնակարանները մինչև 15 տարի ժամկետով համարվեն «Շիրակ կենտրոնի» սեփականությունը: Իսկ բնակարաններն անօթևան բազմազավակ ընտանիքներին տրվեն անհատույց օգտագործման՝ հետագայում, սահմանված ժամկետները լրանալուց հետո տվյալ ընտանիքներին ամբողջությամբ որպես սեփականություն նվիրելու պայմանով», – նշված է հայտարարության մեջ։
Այդ բարեգործական ծրագրից, պնդում է կազմակերպությունը, իրենք «ոչ մի լումա եկամուտ չեն ստացել»։ Բացի դա, որոշ դեպքերում միջոցներ է հայթայթել և կատարել է նոտարական ու կադաստրային ձևակերպումների համար պետության կողմից սահմանված վճարումները։