Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը բավական հետաքրքիր համեմատության եզրեր գտավ բռնաբարության և Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների միջև: Նա ասաց, որ համաձայն ամերիկյան բանակի կանանց համար կանոնակարգի 6-րդ հոդվածի` եթե ձեզ բռնաբարում են, մի դիմադրեք, փորձեք մաքսիամալ հաճույք ստանալ, ապա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների դեպքում նույն տրամաբանությունն է տիրում` ստիպված ենք ընդունել:
«Ռուսն ասում է` ես դեռ կես դար ոտքս չեմ քաշելու այստեղից, առանց ինձ ոչինչ չեք անի»,- նշեց սոցիոլոգը:
Այդ ամենից հետո նա ամեն դեպքում նշեց, որ դրական է գնահատում Ռուսաստանի կողմից ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումը:
«Շատ լավ է, որ Ռուսաստանը մեզ վերցնում է իր ռազմական հովանու ներքո: Բայց եթե մենք փաստաթուղթ ենք ստորագրում, դիմացը մի բան պիտի պահանջենք: Եթե քեզ բռնաբարում են, պետք է գոնե ձև տաս, որ մի քիչ մեղմ վերաբերեն»:
Նա հավելեց, որ Հայաստանը թեթևքաշային սուբյեկտ է, այն Ռուսաստանին միշտ պետք է եղել որպես տարածք առանց հայերի: Ադիբեկյանը նշեց, որ Ռուսաստանը դարեր շարունակ այնպիսի քաղաքականություն է վարում, որ հայերին տեղափոխի իր երկիր: Այդ քաղաքականության արդյունքում, ըստ Ադիբեկյանի, ՀՀ-ում ամեն երկրորդ ընտանիք Ռուսաստանում հարազատ-բարեկամ ունի: